Գլխավոր » Լրահոս

Վահան Փափազյան. «Ղարաբաղյան խնդիրը միշտ էլ եղել է հայ-թուրքական բանակցությունների բաղադրիչներից մեկը»

Հոկտեմբեր 9, 2009թ. 14:00

Vahan PapazianՀՀ ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանն այսօր «Դուպլեքս» ակումբում խոսեց հայ-թուրքական հարաբերությունների մասին: Բանախոսը նշեց, որ նախաստորագրված  արձանագրություններում  իր կողմից  կա մեկ մերժելի կետ, իսկ եթե կա  այդպիսին, ուրեմն մերժելի է ամբողջը:

Նախկին ԱԳ նախարարը կարծում է, որ արձանագրությունները սարսափելի չէին լինի, եթե դրանցում տեղ չգտներ  պատմական հանձնաժողովի վերաբերյալ կետը: Նա դեմ է հանձնաժողովի ստեղծմանը, որովհետև համոզված է, որ այն անկարող  է ներկայացնել և նույնիսկ քննարկել պատմական ճշմարտությունը: Մանավանդ որ, Թուրքիան պատրաստվում է հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել  եվրոպացի, ամերիկացի  փորձագետների, որոնք պրոթուրքական դիրքորոշում ունեն:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` Վ. Փափազյանն ասաց. «Դեռևս 91-ին, երբ խոսվում էր հայ-թուրքական բանակցությունների   խնդրի շուրջ, միակ նախապայմանը եղել է Ղարաբաղի հարցը:   Ղարաբաղյան խնդիրը միշտ էլ եղել է հայ-թուրքական բանակցությունների  բաղադրիչներից մեկը։ Եվ հիմա էլ հայ-թուրքական և ղարաբաղյան հակամարտության խնդիրների կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռ և մեկ փաթեթի մեջ: Արձանագրությունները ստորագրելուց հետո հարցը կտեղափոխվի երկու երկրների  խորհրդարաններ՝ վավերացման կամ չվավերացման, կամ էլ երկարաձգման։ Բայց  որևէ կասկած չկա, որ այս փաստաթղթերը ուժի մեջ կմտնեն միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի հարցում տեղի ունենա որոշակի առաջընթաց»։ Իսկ թե ինչ ասել է «որոշակի առաջընթաց», բանախոսը պարզաբանեց. «Շատ պարզ է՝ Ղարաբաղի  5 շրջաններից հայկական զինուժի դուրսբերում»։

Փափազյանը միաժամանակ վրա բերեց, թե ընդդիմությունը, հանձին ՀԱԿ-ի, Ղարաբաղի  5 շրջաններից հայկական զինուժի դուրսբերման մեջ վատ բան չի տեսնում և մեջբերեց Լ. Տեր-Պետրոսյանի` հանրահավաքի ժամանակ ասած խոսքերը. «Այո՛, դա այդպես է. որպես ազգի համար պատասխանատու գործիչներ՝ գտնում ենք, որ, այո՛, Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի։ Իհարկե, պետք է լուծվի, բա ի՞նչ։ Մինչև ե՞րբ պետք է Հայաստանը մնա պատերազմի վերսկսման վտանգի առջև, և բացի դիվանագիտական լուծումից՝ ի՞նչ լուծում կարելի է առաջարկել։ Այլ հարց է, որ 1997-1998 թթ. փաթեթային, փուլային լուծումները, որ առաջարկվում էին, ավելի լավն էին, քան Մադրիդյան սկզբունքները»։

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի համահայկական ուղևորությանը, ապա, նախկին արտգործնախարարի կարծիքով, եթե բողոքի ալիք է բարձրացել է, ուրեմն Հայաստանը մահացած չէ:

Քիշնյովում  կայացած Ալիև-Սարգսյան հանդիպմանն անդրադառնալով`Վ. Փափազյանն ասաց, որ այս հանդիպումից երկու ամիս անց նոր հանդիպում կլինի, որտեղ արդեն կստորագրվի  կոնկրետ փաստաթուղթ: Բանախոսը համոզված է, որ հասարակությունը այս ամենին օր-օրի ավելի սուր կարձագանքի, կդառնա ավելի անհանդուրժող և  ընդվզող:

Կարինե Պետրոսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն