Ռուբեն Սաֆրաստյան.«Ոչ մի հայ պատմաբան չի համաձայնվի այդ հանձնաժողովում քննարկել Հայոց Ցեղասպանության հարցը»
Օրերս Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել էր, որ պատմաբանների ենթահանձնաժողովը` նրա որակմամբ, զբաղվելու է 1915թ. դեպքերով:
Armar.am-ի խնդրանքով հայտարարությանն անդրադարձավ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը և, մեկնաբանելով Գյուլի հայտարարությունն ասաց. «Սա այն մտավախությունն է, որ արտահայտում է հայկական կողմը: Սակայն բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ ոչ մի հայ պատմաբան չի համաձայնվի այդ հանձնաժողովում քննարկել Հայոց Ցեղասպանության հարցը: Բացի այդ, թուրքագետը նկատեց, որ հանձնաժողովում քննարկվելիք բոլոր հարցերը պետք է արժանանան երկու կողմերի հավանությանը, սակայն եթե կողմերից մեկը կմերժի տվյալ քննարկումը, ապա հանձնաժովն այլևս կդադարի անելիք ունենալ:
ArmAr.am-ի հարցին, թե հանձնաժողովում կարող ե՞ն ընդգրկվել ոչ միայն հայ և թուրք պատմաբաններ, այլև օտարազգիներ, ինչի առաջարկն արդեն իսկ հնչեցրել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը` Ֆրանսիայի պատմաբաններին, Ռուբեն Սաֆրաստյանը նախ ճշգրտեց, որ այստեղ խոսքը ոչ թե պատմաբանների հանձնաժողովի, այլ ենթահանձնաժողովի մասին է, որում ընդգրկված են լինելու երկու երկրների կառավարությունների անդամներ: Ինչ վերաբերում է պատմաբանների մասնակցությանը, ապա նրանք կարող են ընդգրկվել, ընդամենը, որպես փորձագետներ:
Իսկ հնարավո՞ր է, որ միջկառավարական հանձնաժողովի ոչ պատմաբան անդամները հանկարծ որոշեն քննարկեն Հայոց Ցեղասպանության հարցը, պրն. Սաֆրաստյանը պատասխանեց` մենք վստահում ենք մեր կառավարության անդամներին, և համոզված ենք, որ նրանք կմերժեն ու չեն մասնակցի նման քննարկումներին. «Հակառակ դեպքում ամեն ինչ անիմաստ կդառնա»:
Ա. Կ.












