Գլխավոր » Լրահոս

Կիրո Մանոյան. « Թուրքիան չի վավերացնի Արձանագրությունները մինչև ԼՂ խնդրում առաջընթաց չգրանցվի»

Հոկտեմբեր 9, 2009թ. 17:54

«Հայ-թուրքական Արձանագրությունների քննարկումները պարզեցին մի երևույթ, որ Թուրքիայի քաղաքականության նպատակներից մեկն է ՀայաստանՍփյուռք հարաբերություններում պառակտում մտցնելը:  Հարկավոր է դիմակայել դրան, հակառակ դեպքում ի զորու չենք լինի դիմադրել արտաքին ճնշումներին»: Այսօր Փաստարկ ակումբում հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Որքան էլ նախագահն ասի, որ արտաքին ճնշում չկա, փաստն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում արտաքին ճնշում եղել է, և հատկապես, ԱՄՆի կողմից»,- կարծում է Մանոյանը:

ՀՅԴն առաջարկելու է իշխանություններին համագործակցել` ստորագրվելիք արձանագրությունների վնասը նվազեցնելու նպատակով, իսկ եթե իշխանություններից  համապատասխան արձագանք չստանան, ապա կգնան մինչև վերջ։  Իսկ  «մինչև վերջ»-ը Դաշնակցությունը համարում է նախագահի հրաժարականի պահանջը։ Դաշնակցական գործիչը միաժամանակ նկատեց, որ այդ պահանջը դեռևս չի հասունացել. «Դեռ վերջնագծին չենք հասել, երբ պետք է պահանջել նախագահի հրաժարականը»։ Կիրո Մանոյանը համոզված է, որ արձանագրությունները ստորագրելով՝ ամեն ինչ դեռ չի ավարտվելու. շատ այլ անելիքներ կան, և երկրի ղեկավարի հրաժարականը ներկա պահին նպատակահարմար չէ։

Նաև նկատեց, որ Հայաստանը չպետք է արձանագրություններն առաջինը վավերացնի։

Մանոյանը համոզված է, որ  Թուրքիան չի վավերացնի Արձանագրություններն այնքան ժամանակ, մինչև ղարաբաղյան հարցում առաջընթաց չգրանցվի: Այս առումով, նա հայկական կողմին ուղղված ճնշման դրսևորում համարեց այն   հայտարարությունը, որ եթե մինչև տարվա վերջ ղարաբաղյան հարցում առաջընթաց չգրանցվի,  ապա հակամարտության գոտում կարող են ռազմական գործողություններ վերսկսվել:

Այս համատեքստում, շոշափելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այսօրվա հանդիպումը, Մանոյանն ընդգծեց, որ որոշակի շրջանակներ ցանկանում են մեծ առաջընթաց տեսնել ղարաբաղյան հակամարտության խնդրում, ինչը, նրա կարծիքով, կապված է հոկտեմբերի 14-ին Թուրքիայում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման հետ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն