Սամվել Բաբայան. «Ղարաբաղի հարցում մենք չենք կարող փոխզիջման գնալ, եթե անգամ ատոմային ռումբ կախեն մեր գլխին»
«Ոչ ոք մեզ հետ ուժով չի կարող հարց լուծել,- վստահ է ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը,- Հերիք է ժողովրդին վախեցնեն պատերազմի ու սովի սպառնալիքով: Թուրքիան Հայաստանի հետ ունի 300 կմ սահման: Այդ սահմանով չի կարող 20-25 հազարից ավել զորք մտնել: Մենք պատրաստ ենք պայքարել ու դիմագրավել նրանց: Մենք ոչ ոքից չենք վախենում: Մենք հարուստ ենք մեր հողերով ու տարածքով: Հնարավոր չէ, որ քո ազատագրած պատմական հողերը նվեր տաս օտարին ու մտածենք, թե լավ ենք ապրելու: Բայց մենք, չգիտես ինչու, տալիս ենք ու տալիս, այն հույսով, թե հետո լավ ենք ապրելու»:
Ըստ Սամվել Բաբայանի` հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցը սերտորեն կապված է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ. «Հայ-թուրքական սահմանը չի բացվի առանց Ղարաբաղի հարցում փոխզիջումներ անելու: Ադրբեջանը մեծ ազդեցություն ունի Թուրքիայի վրա, և նա կհասնի իր նպատակին. կա’մ կկասեցվի այս գործընթացը, կա’մ տարածքները կհանձնվեն Ադրբեջանին»: Իսկ ինչ վերաբերում է տարածքները հանձնելուն, ապա նա վստահ է. «Հայաստանում չկա մեկը, որ կարողանա Ղարաբաղը նվիրել Ադրբեջանին, ով էլ լինի` Սերժ Սարգսյանը, ես, թե մեկ ուրիշը: Արցախի ժողովրդի մեջ կա պատրաստակամություն պայքարելու: Դա իրենց կյանքի ու մահվան խնդիրն է: Նրանք կկարողանան կազմակերպել ու պաշտպանել այն, ինչ ձեռք են բերել: Ղարաբաղի հարցում մենք չենք կարող փոխզիջման գնալ, եթե անգամ ատոմային ռումբ կախեն մեր գլխին »:
Թեպետ մի քանի օր առաջ ՀՀԿ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարեց, թե արձանագրությունների ստորագրումն ու սահմանների բացումը նաև պարտադրված են արտաքին ուժերի կողմից, Սամվել Բաբայանը կարծում է, որ մեր ղեկավարությունն այդ որոշմանը գնացել է սեփական կամքով. «Գուցե բանակցություններ չեն էլ եղել, այլ թուրքական կողմը կազմել է արձանագրությունները, իսկ մենք ստորագրել ենք: Հակառակ դեպքում որտեղի՞ց է հայտնվել այդ թուրքամետ փաստաթուղթը»: Անգամ փաստաթղթերը սորագրելուց հետո նա անհնար է համարում դրանց իրականացումը, քանի որ բացի նրանից, որ այն փուլային զարգացում է ունենալու (ստորագրում, վավերացում, իրականացում), նաև հայկական կողմը ստիպված է լինելու ևս մեկ քայլ կատարել` Ղարաբաղի հարցում գնալ փոխզիջման: Իսկ դա, ինչպես արդեն նշել ենք, պարոն Բաբայանը վստահ է, որ տեղի չի ունենա. «Եթե Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են բարելավվել առանց Ղարաբաղի հարցում փոխզիջումների գնալու, ապա, խնդրեմ, թող բացեն սահմանները»:
Ինչ վերաբերում է նախագահի համահայկական շրջագայությանը, Սամվել Բաբայանը գտնում է, որ դրանից նախագահը պետք է հետևություններ անի ու կոմնորոշվի. կա’մ փաստաղթերում փոփոխություններ կատարել, կա’մ կասեցնել գործընթացը. «Այլապես ազգի պառակտման խնդիր է բարձրանում»:
Ինչ վերաբերում է փաստաթղթերում կատարվելիք փոփոխություններին, ապա Սամվել Բաբայանն առաջարկում է Ցեղասպանության ճանաչման հարցի հետ քննարկման սեղանին դնել նաև տարածքների փոխհատուցման խնդիրը. «Ասենք Թուրքիան ներողություն խնդրեց: Ինչ-որ բան փոխվո՞ւմ է դրանից»:
Անի Աբովյան












