Բրիտանական «The Economist» թերթը բացահայտում է, թե ինչով է պայմանավորված Էրդողանի ադրբեջանամետ հայտարարությունը
Թուրքական մամուլի ուշադրությունից զերծ չի մնացել այն փաստը, որ արևմտյան մամուլը մեծ հետաքրքրությամբ հետևում է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացին և արձանագրությունների ստորագրմանը:
Թուրքական պարբերականներին զայրացրել է, մասնավորապես, բրիտանական «The Economist» թերթի մեկնաբանությունները, ինչի առնչությամբ թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը գրում է. անգլիական պարբերականը, դատելով սփյուռքահայության ցույցերից, եզրակացրել է, որ թեպետ փորձ է արվում հայերի ու թուրքերի միջև նոր համաձայնություն ձեռք բերել, բայց հին վեճերը դեռ շարունակվում են: Ավելին, բրիտանական պարբերականը Էրդողանի` Ղարաբաղի հարակից տարածքներից որոշներն Ադրբեջանին վերադարձնելու մասին արած հայտարարությունները մեկնաբանել է այնպես, թե Թուրքիային մեծ քանակությամբ գազ և նավթ վաճառող Ադրբեջանը փորձում է մերձենալ Ռուսաստանին: Ահա թե ինչն է այդչափ վախեցրել Անկարային, որն էլ նման հայտարարություններով ամեն կերպ փորձում է կանխել Ադրբեջան-Ռուսաստան մերձեցման վտանգը:
Միաժամանակ «The Economist»-ը գրում է, եթե նույնիսկ Թուրքիան ստորագրի արձանագրությունները, բայց չվավերացնի դրանք, ապա անզոր կլինի կանխել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը: Ասել է թե, Թուրքիան հայտնվել է դժվարին ընտրության առջև:
Ք.Մ.
Թեգեր` Ադրբեջան-Ռուսաստան, Բրիտանական «The Economist», Թուրքիա, ցեղասպանություն












