Դեռ հույսեր կան, որ մեր երկիրը կարող է մերժել Արձանագրությունների ստորագրումը
Ըստ Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի տարածած հայտարարության, այսօր Ցյուրիխում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև Արձանագրությունների ստորագրման արարողությունը:
Ըստ հաղորդագրության` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր Շվեյցարիայի Դաշնային խորհրդական Միշլին Կալմի-Ռեյի մասնակցությամբ կստորագրեն հայ-թուրքական Արձանագրությունները:
Ինչպես նշված է հաղորդագրությունում, ստորագրման արարողությանը կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշները, Սլովենիայի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ Սամուել Զբոգարը, ինչպես նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան:
Նշենք, որ այս պահի դրությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը պաշտոնապես դեռ չի հայտարարել Ցյուրիխում այսօր կայանալիք ստորագրման արարողության վերաբերյալ: Փոխարենը, ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանը լրագրողների այն հարցադրմանը, թե հայկական կողմը հաստատո՞ւմ է լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, պատասխանել է. «Եթե ամեն բան ընթանա ըստ նախատեսվածի, ապա հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հոկտեմբերի 10-ին հավանական է: Այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություն կարվի Երևանում այսօր»:
АРмАр.ам












