Այսօր Թարգմանչաց տոնն է
Սբ. Թարգմանիչ Վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է: Թարգմանիչ անվամբ են հայտնի Սբ. Մեսրոպ Մաշտոցը, Սբ. Սահակ Պարթևը և նրանց աշակերտած` շուրջ հարյուր սաները: Նրանց գործն այնքան անգնահատելի և այնքան կարևոր , որ նրանք եկեղեցու կողմից սրբացվեցին: Սակայն պատմությունը չմոռացավ նաև «կրտսեր թարգմանիչներին», որոնք արդեն երկու երանելիների աշակերտների աշակերտներն էին:
«Թարգմանիչ» նաև նշանակել է մեկնիչ, մեկնող:
Հայ Աառաքելական Սբ. Եկեղեցին պահպանում է նաև Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի պայծառ հիշատակը` գլխավորությամբ եռամեծ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի: Հետագա դարերում թարգմանչաց սերնդի սրբազան գործն ու առաքելությունը շարունակեցին Սբ. Գրիգոր Նարեկացին և Սբ. Ներսես Շնորհալին:
Նրանք, գիտակցելով և ճիշտ ըմբռնելով ժամանակի թելադրած պահանջները, ձեռնամուխ եղան հայ գրի և գրականության ստեղծման սրբազան գործին: Սբ. Թարգմանիչներն իրենց անսահման ջերմությամբ և հավատքի լույսով ցրեցին տիրող խավարն ու ջերմացրեցին հայ մարդու հոգին: Նրանց շնորհիվ Աստվածաշունչ մատյանը թարգմանվեց հայերեն, և հայն առաջին անգամ հնարավորություն ստացավ իր մայրենի լեզվով կարդալ Աստծո կենդանի խոսքը:
Սրբազան թարգմանիչներն իրենց լայն գործունեությամբ նպաստեցին Հայոց աշխարհի հոգևոր–մշակութային զարթոնքին: Սբ. Գրքի թարգմանությանը հաջորդեցին Եկեղեցու Սբ. Հայրերի բազմաբնույթ երկերի հայերեն թարգմանությունները, որոնցից շատերն այսօր, իրենց բնօրինակների կորստյան պատճառով, բնագրի արժեք են ստացել:
Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Թարգմանիչ Վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու հիշատակը տոնում է Սբ. Խաչի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:
1979 թվականից նշվում է Թարգմանչաց տոնը, իսկ այս տարի Հայ Եկեղեցին այն տոնում է այսօր` հոկտեմբերի 10-ին:
ArmAr.am












