Աբդուլա Գյուլը ստում է
Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ
Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ֆրանսիացի լրագրողի այն հարցին, թե ե՞րբ են Թուրքիայում դադարելու քրեորեն հետապնդել այն մարդկանց, ովքեր ընդունում են Հայոց Ցեղասպանությունը, պատասխանել է, թե Թուրքիայում այդպիսի օրենք չկա[1]:
«Թուրքիան այլևս առաջվա Թուրքիան չէ: Ցանկացած տեսակետ կարելի է մեր երկրում հնչեցնել: Օրինակ` ես չեմ հավատում 1915թ. տեղի ունեցածի վերաբերյալ հայկական տեսակետին, բայց դա խոչընդոտ չի հանդիսանում, որ այլ կերպ մտածողներն արտահայտվեն»,-ասել է Թուրքիայի նախագահը:
2003-2008թթ. Թուրքիայի Քրեական օրենսգրգի «թուրքերի ազգային արժանապատվության մասին» 301-րդ հոդվածով քրեական գործ է հարուցվել 6745 քաղաքացու նկատմամբ, որոնցից 745-ը պատիժ են կրել: Տասնյակ թուրք գրողներ ու մտավորականներ այդ հոդվածով ստացել են տարբեր պատիժներ[2]:
2006 թվականից թուրքական օրենսդիրներն 8 անգամ արդեն «փոփոխել» են այդ հոդվածի բովանդակությունը, որովհետև Թուրքիայի` Եվրոմիություն մտնելու նախապայմաններից մեկն այդ հոդվածի վերացումն է:
Որպես կանոն, բոլոր փոփոխություններն աննշան բնույթ էին կրում: 301 հոդվածի վերջին փոփոխությունը 2008թվականի ապրիլի 30-ին էր, երբ երկար վեճերից հետո հաստատվեց փոփոխության մի տարբերակ, որի համար միաձայն քվեարկեցին «Արդարություն և զարգացում» կուսակցության բոլոր անդամները: Հիշեցնենք, որ Աբդուլա Գյուլը, որը Ֆրանսիայում հայտարարում էր, թե տեղյակ չէ այնպիսի օրենքի մասին, որն արգելում է Հայոց Ցեղասպանության մասին խոսել, «Արդարություն և զարգացում» կուսակցությունից է, և նա 2008-ի մայիսի 8-ին անձամբ հաստատել է Թուրքիայի ՔՕ-ի 301 հոդվածի «փոփոխությունների» փաթեթը[3]:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահը ամբողջ Եվրոպայի առջև ստում էր` Հայոց Ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի մասին արտահայտվելիս:
Սակայն Ֆրանսիայում ելույթ ունենալուց մի քանի օր առաջ Աբդուլա Գյուլը նշել էր, որ պատմաբանների հանձնաժողովը քննարկելու է 1915 թվականի դեպքերը: «Եթե նախկին խնդիրները հիմա վերակենդանացնենք, կթունավորենք ապագան: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թե հայերը, թե թուրքերը մեծ տառապանքներ են կրել: Մեր նպատակն է, որ պատմաբանները, մասնագետները այս խնդիրներին անդրադառնան: Համատեղ պատմական հանձնաժողովի կողմից արվելիք եզրակացությունները պատրաստ ենք ընդունել»,- ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը[4]:
Հիշեցնենք, որ 301 հոդվածով դատապարտվել են Հրանտ Դինքը, նրա որդի Արատ Դինքը, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը, պատմաբան Թաներ Աքչամը, գրող Էլիֆ Շաֆաքը և այլք: Նրանք հիմնականում մեղադրվել են «Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական տեսակետը կասկածի տակ առնելու» համար:
Գյուլի նշած պատմաբանների հանձնաժողովի մասին հայկական կողմը հնչեցնում է տարբեր տեսակետներ: Սփյուռքի շատ համայնքներ, վերլուծաբաններ, ինչպես նաև տեղական որոշ քաղաքական ուժեր գտնում են, որ պատմաբանների հանձնաժողովը «թաղում» է Հայոց Ցեղասպանության հարցը, որովհետև նման հանձնաժողովի գոյությամբ կասկածի տակ է դրվում Ցեղասպանության եղելությունը: Իսկ ՀՀ իշխանական տեսակետը պաշտպանողները գտնում են, որ այդ հանձնաժողովը կասկածի տակ չի դնում Հայոց Ցեղասպանության հարցը և քննարկելու է Ցեղասպանության հետևանքների վերացման, հայկական հուշարձանների վերականգման և այլ նմանատիպ հարցեր:
Բայց այստեղ հարց է առաջանում. ինչպե՞ս կարող են թուրք պատմաբանները քննարկել Հայոց Ցեղասպանության հետևանքների փոխհատուցման հարցը, եթե նույնիսկ Ցեղասպանության մասին խոսելուց նրանք կարող են դատապարտվել համաձայն Թուրքիայի ՔՕ 301 հոդվածի:
Այս պարագայում կարելի է եզրակացնել, որ Աբդուլա Գյուլը սուտ չէր ասում, երբ հայտարարում էր, թե պատմաբանների հանձնաժողովը քննարկելու է ոչ թե Հայոց Ցեղասպանության հարցը, այլ «1915 թվականի դեպքերը», որովհետև Թուրքիայի նախագահի խոսքերի ճշմարտացիությունը հաստատում է թուրքական ՔՕ-ի 301 հոդվածի գոյությունը, որը Թուրքիայի որևէ քաղաքացու թույլ չի տա ընդունել Հայոց Ցեղասպանությունը, բնականաբար, հնարավոր չի լինի նաև խոսել Ցեղասպանության հետևանքների վերացման մասին:
[1] Աբդուլա Գյուլ. «Ես չեմ հավատում Ցեղասպանությանը, բայց…», http://armarlur.com/2009/10/09/աբդուլա-գյուլ-«ես-չեմ-հավատում-բայց…/
[2] Айк Габриелян , “О ПОПРАВКАХ К 301 СТАТЬЕ УГОЛОВНОГО КОДЕКСА ТУРЦИИ”, http://www.noravank.am/ru/?page=analitics&nid=1309
[3] Նույն տեղում:
[4] Աբդուլա Գյուլը բացահայտեց իրենց իրական նպատակը. «Պատմաբաններն անդրադառնալու են 1915թ. դեպքերին», http://armarlur.com/2009/10/07/աբդուլահ-գյուլը-բացահայտեց-իրենց-իրա/












