Գլխավոր » Լրահոս

Արա Պապյան. «Հնչեցրեք զանգերը»

Հոկտեմբեր 10, 2009թ. 11:23

Սա մեր վերջին Սարդարապատն է

Մեզ ժամեր են բաժանում Հայոց  ցեղասպանություն կոչված մեծագույն ողբերգության նախավերջին արարի ավարտից: Այսօր ևս մի քայլ են անելու Հայոց ցեղասպանության հետևանքներն օրինականացնելու գրեթե դարավոր ճանապարհին: Այսօր Թուրքիան, պատժի փոխարեն, որպես պարգևավճար ստանալու է մեր հազարամյա Հայրենիքը, միջազգային իրավունքի անբեկանելի վճռով առ այսօր մեզ պատկանող, սակայն մեզնից խլված Հայրենիքը: Այսօր խրախուսելու են ջարդարարին, այսօր մեր Հայրենիքը որպես ընծա են փաթեթավորվելու:

Փաթեթավորելու են մերոնց իսկ ձեռքերով, մեղա տեր Աստված, մեզանից շատերի մասնակցությամբ, մեզանից շատերի լուռ ու անտարաբեր հայացքների ներքո:

Այն, ինչ այսօր պիտի տեղի ունենա Ցյուրիխում, ցեղասպանության խրախուսում է, ուղղակի հրահանգ է ուժեղներին կոտորելու և զավթելու: Հիշո՞ւմ եք ռուս դեսպանի խոսքերը Աբդուլ Համիդին. – Կոտորեցե’ք, Ձերդ գերազանցություն, կոտորեցե’ք: Մեր արյունը ջուր դարձավ: Տեսնե՞ս ստորագրելու պահին թանաքն արյուն կդառնա:

Սակայն սա դեռ վերջը չէ: Եթե ոմանց համար սա ներկայացում է, այն էլ տրագիկոմեդիա, գուցեև ֆարս, մեզ համար լինելիության, արժանապատիվ գոյության հարց է: Դեռ մի արար ևս կա, վերջին ու վճռորոշ արարը, մեր վերջին ճակատամարտը:  Մենք այդպես ենք: Մենք միշտ հաղթում ենք վերջում: Մենք զիջում ենք անառիկ ամրոցները, սակայն վերջին պահին թշնամուն ջախջախում ենք բաց դաշտում: Այդպես եղավ Սարդարապատում: Այդպես է լինելու նաև հիմա: Ազգային ժողովի դահլիճը մեր նոր Սարդարապատն է: Մենք նահանջելու տեղ չունենք: Մենք պարտվելու իրավունք չունենք:

Հնչեցրեք զանգերը: Սա մեր վերջին Սարդարապատն է,  հաղթանակի վերջին հույսը:

Արա Պապյան

Հայաստանի Հանրապետության քաղաքացի

10 հոկտեմբերի 2009թ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն