Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Աճի տեմպերը լուրջ տեղաշարժեր են խոստանում

Հոկտեմբեր 10, 2009թ. 18:15

Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Կարեն Եսայանի հրավիրած մամլո ասուլիսը հիմնադրամի 2009 թվականի երեք եռամսյակների գործունեության  արդյունքներին էր վերաբերում:

Ներդրումային հիմնադրամը Արցախում առաջիններից մեկը զգաց ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը:  Դա մասամբ պայմանավորված էր հիմնադրամի գործունեության ոլորտով, մասամբ էլ` հանրապետությունում գործող բանկերի հետ հիմնադրամի ունեցած նոր փոխհարաբերություններով:

Արդեն ամփոփվում են  2009 թվականի 3-րդ եռամսյակի արդյունքները: Իրավիճակը կարծես թե բարելավվում է: Արցախի ներդրումային հիմնադրամում, համենայն դեպս, լավատես են:

Ֆինանսատնտեսական ճգնաժամը բավական ծանր է անդրադարձել հիմնադրամի գործունեության վրա: Ճգնաժամի հետևանքները զգալի են հատկապես հիփոթեքային ծրագրի ընթացքի վրա:

Բայց անգամ նման պայմաններում, դանդաղելով հանդերձ, հիփոթեքային վարկավորման ծրագիրը չի դադարեցվել. վստահեցնում է հիմնադրամի գլխավոր տնօրենը: 2009 թվականի ընթացքում հիփոթեքային վարկավորման ծավալը կազմում է 614 միլիոն դրամ: Բավարարված 128 հայտերից 95-ը վերաբերվում է բնակարանների վերանորոգմանը, 19-ը` կառուցմանը և 14-ը` գնմանը:  Սա 270 միլիոն դրամով զիջում է 2008 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշներին:

Հիփոթեքային վարկերի 76 տոկոսը բաժին է ընկնում Ստեփանակերտին, 7-ական տոկոս` Ասկերանի և Շուշիի շրջաններին: Հանրապետության մնացած շրջաններն ավելի փոքր չափաբաժին ունեն: Սա  միայն շրջկենտրոնների մասով:

Մեկնարկել է նաև հիփոթեքային վարկավորման գյուղական ծրագիրը` առայժմ միայն բնակարանների վերանորոգման համար:

Ծրագրի  վրա բավական ծանր ազդեցություն է ունեցել նաև 2009-ի սկզբներին դրամի արժեզրկումը: Կորուստները մեծ են, հատկապես ժամանակի առումով: Սակայն այս ընթացքում հասցրել են նաև որոշակի հետևություններ անել: Ըստ երևույթին, մոտ ապագայում քայլեր կձեռնարկվեն վարկառուներին արտարժույթի տատանումներից ապահովագրելու համար:

Իրավիճակը  ավելի բարվոք է ՓՄՁ աջակցության ոլորտում: 2009 թվականին արդեն բավարարվել է 75 հայտ` մոտ 3 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով:  2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է 40 տոկոս: Գերազանցվել են նաև 2008 թվականի տարեկան ցուցանիշները:  Տրամադրված վարկերի մեծ մասն ուղղվել է արդյունաբերությանը: Գործընթացը դեռ շարունակվում է: Ներդրումային հիմնադրամի տնօրենը մինչև տարեվերջ լուրջ տեղաշարժեր է խոստանում նաև այս ոլորտում:

Ինչևէ,  ճգնաժամի  ալիքն արդեն հաջողվել է հաղթահարել: Իսկ զարգացման աճի տեմպերը լուրջ տեղաշարժեր են խոստանում: Ներդրումային հիմնադրամի տնօրենը խոստանում է` անակնկալները չեն պակասի:

Ն. Հովսեփյան


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն