Արմեն Ավետիսյան. «Մենք մեր Արևմտյան Հայաստանը թուրքացնող պայմանագիր ենք ուզում ստորագրել»
Մենք դեմ ենք այս հայ-թուրքական կոչված պայմանագրի ստորագրմանը… դեմ ենք գաղտնի ուժերի առաջարկված արձանագրությանը, քանի որ մենք հայ-թուրքական հարաբերություն չենք տեսնում, այլ ընդամենը, Հայաստանի Հանրապետությունը փորձում է ինչ-որ հարաբերություններ կարգավորել Թուրքիայի Հանրապետության հետ: Համայն հայությունն աշխարհի տարբեր մասերում իր բողոքի ձայնը բարձրացնելով` ցույց է տալիս, որ նա դեմ է նման հարաբերությունների ձեւավորմանը: Մենք որպես ազգայնականներ, երբ նայում ենք սահմանից այն կողմ, Թուրքիա չենք տեսնում, տեսնում ենք Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստաններ: Եթե աշխարհի գերտերությունները հայ-թուրքական կոչված այս հարաբերություններն իրենց շահերով պայմանավորված պաշտպանում են, եթե աշխարհի գերպետություններին պետք է, ապա նրանք կարող են Թուրքիային ստիպել եւ իրենց անհրաժեշտ սահմանը բացել տալ, անցկացնել գազախողովակներ, անհրաժեշտ գործընթացները ապահովել:
Նրանք դա արեցին Իրաքում, դա արեցին Աֆղանստանում, Հարավսլավիայում, թո’ղ Թուրքիայում էլ անեն, թո’ղ հանեն-բացեն ճանապարհները, ռմբակոծեն-ավերեն Թուրքիան, ինչպես վերոնշյալ երկրները… մի խոսքով, թե ինչ են անում, դա իրենց խնդիրն է, ինչու են անպայման փորձում հայկական հարցի հաշվին դա անել, ինչու են ուզում դարձյալ մեկ անգամ մեզ` հայերիս զոհաբերել` և այդ ճանապարհով, փաստորեն, հասնել իրենց նպատակին:
Մենք վախենում ենք, որ այստեղ բացի տնտեսական եւ քաղաքական գործոններից, նաեւ լուրջ հոգեբանական գործոն է առկա: Այսօր թուրքերը Արեւմտյան Հայաստանը այդպես էլ դիտարկում են, որպես հայերի երկիր, եւ վախենում են գալ-ծավալվել Արեւմտյան Հայաստանի տարածքում, մանավանդ, տնտեսապես… Ճիշտ է` կա նաեւ քրդական գործոնը, որ խանգարում է թուրքերին, բայց հիմնականում շատ թուրքեր հասկանում են, որ ի վերջո Արեւմտյան Հայաստանը հետ պիտի վերադարձվի, բայց մենք այդ արձանագրությունները ստորագրելով, փաստորեն, ջարդում ենք այդ հոգեբանական գործոնը թուրքերի միջից… նրանք այլեւս Արևմտյան Հայաստանը չեն տեսնելու որպես հայերիս երկիր, իսկ եթե հոգեբանական գործոնը սկսեց աշխատել, ապա ես վստահ եմ, որ թուրքերը աշխուժանալու են մեր պատմական Հայրենիքի տարածքում, տնտեսական դաշտում արմատներ են գցելու և 20 միլիոն քրդերի կողքին մի 20 միլիոն էլ թուրք ենք ունենալու: Փաստորեն մենք մեր Արեւմտյան Հայաստանի տարածքի հաշվին թուրքացման պայմանագիր ենք ուզում ստորագրել:
Եթե նույնիսկ ստորագրվեն այդ արձանագրությունները մենք ամեն ինչ անելու ենք, որ անգամ ստորագրելու դեպքում դրանք, գոնե Հայաստանում, չգործեն:












