Գլխավոր » Լրահոս

Տոնդ շնորհավո’ր, ԵՐԵՎԱՆ

Հոկտեմբեր 10, 2009թ. 12:00

Ք. ա. 782 թվականին Արգիշտի առաջին արքան հիմնադրեց մի քաղաք և անվանեց Էրեբունի, իսկ արձանագրությամբ ամրագրեց` ի բարօրություն մեր երկրի և ի տապալումն թշնամյաց երկրների: Էրեբունին իրավամբ դարձավ հարևաններին ահուսարսափի մեջ պահող մի հզոր թագավորություն, որը մոռացության փոշուց ազատվեց 20-րդ դարի առաջին կեսին:

Էրեբունու հիմնադրումից անցել է 2791 տարի, բայց մինչ օրս հայ ժողովուրդը չի մոռացել իր նախնիների թողած ավանդն ու տասնյակ տարիներ շարունակ նշում է Էրեբունի-Երևան տոնակատարությունը: Այս տարի հոկտեմբերի 10-ը յուրահատուկ է լինելու ոչ միայն երևանցիների, այլև Երևանում գտնվողների համար, քանի որ ամբողջ օրը քաղաքի տարբեր հատվածներում տոնվելու է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2791-ամյակը:

«1968–ին, երբ նշվում էր Էրեբունի-Երևանի 2750-ամյակը, մեծ տոնախմբություն անցկացվեց քաղաքում և բացվեց թանգարանն ու «Էրեբունի» հուշարձանը: Հանրապետության Հրապարակից դեպի Շահումյանի արձանը տանող հատվածի շատրվանները ևս 2750 հատ են և խորհրդանշում են Էրեբունի-Երևանի հիմնադրման 2750-ամյակը»,- ArmAr-ին հայտնեց «Էրեբունի» թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը:

Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված ոչ հոբելյանական տարում նման մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպումը, պարոն Փիլիպոսյանը պատասխանեց, որ դա նոր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությունն է, և միշտ ցանկալի է մեր քաղաքի տոնը մեծ շուքով նշել:

Տոնակատարությունների նախօրեից ողջ Երևանը պատված է խորհրդանշական և «Սիրում եմ քեզ, ԵՐԵՎԱՆ» պաստառներով: Վաղը ևս քաղաքը տոնական զգեստներով կլինի, քանի որ կենտրոնական փողոցներում կանցկացվեն բազմաբնույթ միջոցառումներ, իսկ առավոտյան 8.30-ից կդադարեցվի երթևեկությունը Փոքր Կենտրոնում:

Տոնակատարությունները կմեկնարկեն 15.00-ից: 16.00-20.30-ը Արգիշտի արքայի գլխավորած 3.000 հոգանոց բեմականացված քայլերթը կմեկնարկի «Էրեբունի» թանգարանից, կհասնի «Այրարատ» կինոթատրոն և կհանգրվանի Հանրապետության հրապարակում: 16.00-ից 23.00-ն Մաշտոց և Բուզանդ փողոցների խաչմերուկում կբացվի ազգային երաժշտության բեմ, որտեղ ելույթ կունենան Արսեն Գրիգորյանը, Սասունցի Դավիթը, Լեյլա Սարիբեկյանը, Գուրգեն Դաբաղյանը: Իսկ 20.30-23.00 Հանրապետության հրապարակում տեղի կունենա գալա-համերգ, որը 22.00-ին կընդմիջվի մայրաքաղաքի 20 վայրերից տրվող տոնական հրավառությամբ: Ի դեպ, Հանրապետության հրապարակում հանդես կգա նաև աշխարհահռչակ դերասան և երգիչ Ադրիանո Չելենտանոն:

Ամեն ինչ պատրաստ է տոնական տրամադրության համար, մնում է բոլորս միաձայն և միակամ միանանք տոնակատարություններին և իսկապես ուրախանանք մեր ազգային հարստություններով և դարավոր հաղթանակներով` չբացառելով, որ ազգային ընդվզման արդյունքում այդ օրը կլինի ևս մեկ` ազգային համախմբմամբ ձեռք բերված հաղթանակի օր:

Ա. Կ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն