Գլխավոր » Լրահոս

Դավութօղլուն խոստովանել է, որ իր ելույթն է վրդովվեցրել Էդվարդ Նալբանդյանին

Հոկտեմբեր 12, 2009թ. 09:30

Թուրքական ԶԼՄ-ի արձագանքը արձանագրությունների ստորագրմանը

Թուրքական լրատվամիջոցներն  արձանագրությունների ստորագրման ձգձգման պահը բնորոշեցին այսպես` «երեքժամյա ճգնաժամի լարված  ու ծանր պահեր, որ ապրեց թուրքական պատվիրակությունը»: Թուրքական մամուլն այսօր արդեն այդ բնորոշումներին հավելեց ևս մեկը` երեքժամյա ստորացուցիչ սպասում:

Թուրքական  ԶԼՄ-րը, որ մանրամասնորեն հետևում էին դեպքերին, վայրկյան առ վայրկյան արձագանքեցին զարգացումներին, այսպես. «22:10-ին (Հայաստանի ժամանակով) Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն  անհանգիստ սպասման մեջ է: 22:15 պաշտոնապես հայտարարվում է, որ բոլոր նախարարները ժամանել են: Բայց կան տարաձայնություններ»: Ապա թուրքական լրատվամիջոցներն անհանգստացած հավելում են`  «22:23-ին Ցյուրիխի համալսարան է ժամանել ոչ թե Նալբանդյանը, այլ Շառլ Ազնավուրը և մեր պատվիրակությունը փորձում է պարզել` ո՞վ է արձանագրությունները ստորագրելու` Նալբանդյա՞նը թե՞ Ազնավուրը»: Րոպեներ անց` 22:37 հայտնի է դառնում, որ արձանագրությունները ստորագրվելու են 23:00-ին: Սակայն նշված ժամին դրանք դարձյալ չեն ստորագրվում: «Հյուրիեթի» լրագրողը 23:11-ին մտահոգված տեղեկացնում է. «ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեռևս չի ժամանել…   Նա ժամանեց միայն վերջին պահին, տարաձայնությունները հարթված են, արաողությունը սկսվում է, սակայն Հայաստանի և Թուրքիայի նախարարները հայտարարությամբ  հանդես չեն գալու»:

Իսկ թե ի՞նչն էր արձանագրությունների ձգձգման պատճառը` թուրքական լրատվամիջոցները տարբեր հակասական լուրեր են փոխանցում, նրանցից մեկ-երկուսն էլ  զգուշորեն  ակնարկում, թե ճգնաժամը կապված էր Թուրքիայի նախարարի ելույթի հետ:

Իսկ ի՞նչ էր իրականում տեղի ունեցել:

Հոկտեմբերի 11-ին, Ահմեդ Դավութօղլուն թուրքական TRT  հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ժամանակ  խոստովանել է, որ իր ելույթում պատրաստվում էր ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ հարաբերությունների բարելավման այս ճանապարհը հնարավոր է միայն իրականացնել ներկա դաշնակից երկրների և կովկասյան բոլոր ժողովրդների աջակցությամբ: Միաժամանակ  ակնարկել Ադրբեջանի դերի կարևորության մասին. Իսկ   «1915 թ. դեպքերի» մասին էլ ասել եմ, որ պետք է պատմությունը լավ ուսումնասիրվի»։ Դավութօղլուն նկատել է, թե իր այդ արտահայտություններն առաջացրել են հայկական պատվիրակության զայրութը` ԱԳ նախարար Նալբանդյանը պնդել է, որ Դավութօղլուն ակնարկում է Ղարաբաղյան հարցի և ցեղասպանության վերաբերյալ, որոնք կապ չունեն այս արձանագրությունների հետ:

Թուրքական լրատվամիջոցներն արձանագրում են , որ միայն երկու կողմերի ելույթ չունենալու առաջարկն է, որ լուծել է լարվածությունը։

Ըստ Դավութօղլուի տեղի ունեցածը տհաճ էր, սակայն նորմալ երևույթ էր նման գործընթացի համար:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն