Գլխավոր » Լրահոս

Անկարան փորձում է մեղմել Ադրբեջանի զայրույթը

Հոկտեմբեր 12, 2009թ. 10:00

Հայ- թուրքական Արձանագրությունների ստորագրման հետ կապված Թուրքիայում հնչող առաջին գնահատականները հիմնականում    ուղղված էին Ադրբեջանին:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը  նախ հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իրսկանացվել է առաջին քայլը, որից իրենք մեծ բավարարվածություն են ստացել: Սակայն դրանով հանդերձ Էրդողանը  համոզված է, որ Մեջլիսը փաստաթղթերը կվավերացնի միայն այն դեպքում, երբ կլուծվի Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը: Այսինքն,   Թուրքիան այլևս բացահայտորեն հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունները սերտորեն փոխկապակցված  են ղարաբաղյան հիմնախնդրին:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայն իր հերթին հայտարարել է, որ հարևանների  հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելով Թուրքիան ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում և հնարավորություն է ստեղծում ղարաբաղյան խնդրի լուծման համար:

Տեղեկացնենք, որ այս հայտարարությունները հնչել են  այն  պահից  հետո, երբ պաշտոնական Բաքուն արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո իր բողոքն  հայտնեց ու շեշտեց, որ եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն մինչ հայկական զորքերի գրավյալ տարածքներից դուրս բերումը, ապա դա նշանակում է, որ Թուրքիան գործում է ի վնաս Ադրբեջանի ազգային շահերի: Ադրբեջանի արտգործնախարարությունը վստահեցնում է, որ դա մեծ հարված կհասցնի Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններին. «Ադրբեջանը չի հանդուրժի նման վերաբերմունքը»:

Նման ամպագոռգոռ հայտարարություններին զուգընթաց, Բաքուն միաժամանակ հայտարարում է, թե դեռ հավատում է պաշտոնական Անկարայի խոստումներին:

Քրիստինե Մելքոնյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն