Ադրբեջանը դժգոհ է, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան գոհ
Արձանագրությունների ստորագրմանը հետևող Բաքուն արդեն իսկ հայտարարում է, թե հիասթափություն է ապրել ստորագրված արձանագրություններից, սակայն մեկ անգամ էլ հույս է հայտնել, որ եղբայրական Թուրքիան չի դավաճանի ու հավատարիմ կմնա իր խոստմանը:
Անդրադառնալով Ադրբեջանի բացասական արձագանքներին` «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը մեջբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանն ու գրում. «Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը` նախքան հայկական զորքերի դուրսբերումը ադրբեջանական օկուպացված տարածքներից, հակասում է Ադրբեջանի շահերին և ստվեր է գցում Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերությունների վրա»:
Ի հակադրություն Ադրբեջանի խորը հիասթափության, թերթը միևնույն ժամանակ նշում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ընդհակառակը, ողջունել է արձանագրությունների ստորագրումը և հայտարարել, որ ՌԴ-ն «պատրաստ է աջակցել այս գործընթացին` առաջին հերթին էլեկտրաէներգետիկ, ինչպես նաև տրանսպորտային և հաղորդակցային ոլորտներում»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների նորմալացմանն ուղղված արձանագրությունները:
Նույնը պետք է ասել նաև թուրքական մամուլի մասին, որոնք արձանագրությունների ստորագրումը որակել են որպես «պատմական իրադարձություն»: Ստորագրման արարողությունից անմիջապես հետո թուրքական TRT-2 հեռուստաընկերության թղթակիցը համոզմունք է հայտնել, որ հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները հնարավորություն կտան, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկա լինի հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը:












