Գլխավոր » Լրահոս

Դարձ՝ ի շրջանս յուր

Հոկտեմբեր 12, 2009թ. 17:00

Ցյուրիխյան ՙբեմադրության՚ մեկնաբանությունները, ինչպես և սպասվում էր, հայտնվել են համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում։Աշխարհի տարբեր լրատվամիջոցներ իրենց կարծիքն են հայտնում այդ առնչությամբ՝ ամեն մեկն առաջին հերթին, թեկուզ տողատակերով, նաև ակամա` բացահայտելով սեփական շահը։

Ոմանք նույնիսկ ցնծությամբ նկատում են, թե շուտով  կբացվի Եվրոպայի վերջին փակ սահմանն ու կապահովվի սև ոսկու հոսքը դեպի քաղաքակիրթ Եվրոպա: Ասել է, թե` հայթուրքական հարաբերությունների կարգավորմամբ «տահոգ» աշխարհին այսօր ընդամենը մեկ բան է հուզում` հնարավորինս արագ կայունություն հաստատել տարածաշրջանում, իսկ թե դա ինչի՞ կամ  ո՞ր ժողովրդի արժանապատվության հաշվին կլինի, դա արդեն նրանց համար տասներորդական խնդիր է:

Արձանագրությունների ստորագրմամբ շահագրգիռ գերտերությունների ներկայացուցիչներն ու նրանց խոսափող հադիսացող  լրատվամիջոցները համառորեն  նույն միտքն են արձանագրում, թե  այս արձանագրություններով վերջ դրվեց  Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող ՙդարավոր  թշնամանքին»: Խնդրի նկատմամբ անտեղյակությո՞ւն, թե՞ միամտություն դիտարկենք սա, իսկ գուցե ուղղակի ՙբարի կամքի դրսևորո՞ւմ՚: Ակնհայտ է, որ որևէ փաստաթղթով ու ստորագրությամբ   հարևանների, առավել ևս պետությունների միջև եղած թշնամանքին վերջ չի տրվում: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է հայ-թուրք հարաբերություններին, որի ակունքներում ցեղասպանություն ապրած մի ողջ ժողովրդի պատմությունն է։ Սա այն դեպքն է, երբ թշնամանքի վերացման միայն մեկ ճանապարհ կա` Օսմանյան կայսրության ժառանգորդ  ժամանակակից Թուրքիան պարտավոր է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Մինչդեռ այդ վտահության վերականգնման ճանապարհին Թուրքիան դեռևս ոչ մի քայլ դեպի առաջ չի արել` շարունակելով վարել  Ցեղասպանության ժխտման  քաղաքականություն:

Այսօր Թուրքիայի գլխավոր նպատակն է` դեպի Եվրամիություն ՙպլստալու» ճանապարհին աշխարհի ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության ճանաչումից` ինքն իրեն, բայց, ցավոք, նաև աշխարհին համոզելով՝ կասկածի տակ առնել պատմական ճշմարտությունը։

Եթե քաղաքակիրթ Եվրոպային անհրաժեշտ է արյունից չլվացված ձեռքերով գործընկեր, դա այլ խնդիր է։Բայց եթե Եվրամիությունը դեռևս հավատարիմ է իր սկզբունքներին, ապա եվրոպական ընտանիք մտնելու ճանապարհին Թուքիան իր սպիտակեղենը պետք է մաքրի արյունից։ Իսկ արյունը լվացվում է եթե ոչ արյամբ, ապա, անպայման, մեղքերը խոստովանելու, ընդունելու ու հետևանքները վերացնելու պայմանով։ Սրանցից և ոչ մեկին Թուրքիան առայժմ պատրաստ չէ: Ուստի, ընդամենը գործի է դրվել ժամանակ շահելու քաղաքականությունը։

Բոլոր ժամանակներում Թուրքան միշտ առաջնորդվել է քաղաքական խորամանկություններով ու նենգությամբ։ Այս դեպքում ևս պատկերը նույնն է։

Այնպես որ, Թուրքիան, ինչպես միշտ, վերադառնում է ի շրջանս յուր։

Գոհար ՓԻԼԹՈՅԱՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն