Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Կարսի պայմանագրի մութ անկյունները

Հոկտեմբեր 12, 2009թ. 17:30

Kars2Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների համատեքստում գլխավոր խնդիրը, որ տարընթերցումների տեղիք է տալիս, 1921թ. կնքված Կարսի պայմանագիրն է: Տարիներ շարունակ թուրքական կողմը պահանջում է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման միակ ճանապարհը վերոհիշյալ պայմանագրի վերահաստատումը լինի: Հայ-թուրքական վերջին արձանագրություններում առանձին կետով նշված է` կողմերը պարտավոր են ճանաչել երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով: Կարսի պայմանագիրը ևս նախկինում կնքված և Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանների հստակեցման փաստաթուղթ է:

Հոկտեմբերի 13-ին լրանում է Կարսի պայմանագրի ստորագրման 88-րդ տարին: 1921թ. այդ օրը Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ կնքվեց քառակողմ պայմանագիր, որն ստացավ բարեկամության պայամանագիր բնորոշումը: Փաստաթուղթը մինչև օրս գոյություն ունեցող միակ միջպետական համաձայնագիրն է, որն այս կամ այն կերպ կարգավորում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները: Հայաստանի Հանրապետությունից ընդամենը 60 կմ հեռու, հայկական Կարս քաղաքում ստորագրված փաստաթուղթն իրականում ստեղծվեց այնպիսի պայմաններում, երբ խորը ճգնաժամային վիճակում էին Հարավկովկասյան տարածաշրջանն ու առաջին աշխարհամարտից պարտված դուրս եկած կիսաերիտթուրքական, կիսաքեմալական Թուրքիան: Փաստաթղթի կնքման ու ստորագրման և հետագայում` իրականացման  միակ ու գլխավոր միջնորդը Խորհրդային Ռուսաստանն էր` իր ռազմավարական նպատակներով:

«Կարսի պայմանագիրն, ըստ էության, պարտադրված էր Հայաստանին: Պարտադրված էր Մոսկովյան պայմանագրով: Եվ տարածքային առումով բոլոր այն կետերը, որոնք հիմնականում ընդունվել էին Մոսկվայում, ռուսների կողմից պարտադրվեցին Հայաստանին»,-նշում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Հատկանշական է, որ պայմանագրի կողմերից ոչ ոք միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ չէր. խորհրդային Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանն այդպես էլ երբեք չճանաչվեցին որպես առանձին պետական միավորներ,  Թուրքիայի պարագայում` ստորագրող կողմը քեմալականներն էին, որոնք դեռևս ապստամբի կարգավիճակում էին, իսկ Թուրքիայի հանրապետությունը ևս  միջազգայնորեն հռչակված չէր:

Կարսի պայմանագիր, Հոդված 2. Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետությունների կառավարությունները համաձայնվում են չճանաչել որևէ միջազգային ակտ, որը վերաբերում է Թուրքիային և ճանաչված չէ այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող Ազգային կառավարության կողմից: Սույն պայմանագրում Թուրքիա հասկացության տակ հասկացվում են այն տերիտորիաները, որոնք մտցված են 1920 թ. հունվարի 28-ի թուրքական Ազգային ուխտի մեջ, որը Կ. Պոլսում մշակել և հռչակել է օսմանյան դեպուտատների պալատը և հաղորդել է մամուլին ու բոլոր պետություններին:

Թուրքիա հասկացությունն այստեղ այն աստիճանի անորոշ էր, որ պայմանագիր կնքողներն ստիպված եղան առանձին կետով բացատրել, թե կոնկրետ ո՞ր տարածքների վրա է սփռվում, այսպես կոչված, Թուրքիա պետությունը:

Պայմանագրի 4-րդ հոդվածում արդեն սահմանազատման խնդիրներ են առաջ քաշվում:

Կարսի պայմանագիր, Հոդված 4. Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը որոշվում է այն գծով, որն սկսվում է Սև ծովի ափամերձ Սարպ գյուղի մոտից, անցնում է Խեդիս-մթա սարի վրայով, Շավշետ սարի-Կանիղաղ սարի ջրբաժան գծի երկարությամբ, այնուհետև առաջ է գնում Արդահանի և Կարսի սանջակների հին հյուսիսային վարչական սահմանագծերի`  Արփաչայի և Արաքս գետերի հնահունի ուղղությամբ մինչև Ստորին Կարա-սուի գետաբերանը:

Ռուսաստանի առաջարկով 80-100 կմ շառավղով անվտանգության գոտի ստեղծվեց. գծված Ախուրյան-Արփաչայ սահմանագիծը գործում է մինչև օրս: Տարածքային առումով հայկական կողմը հսկայական կորուստ ունեցավ` 24 հզ քկմ զիջելով Թուրքիային: Քարտեզն ուշադիր դիտելիս երևում է, որ շատ այլ տարածքների հետ Գյումրին ևս ներառված չէ Հայաստանի կազմում: Թուրքերը նկրտումներ ունեին նաև հայկական Ալեքպոլի նկատմամբ:

Ռուբեն Սաֆրաստյան, թուրքագետ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն. «Թուրքիան պահանջում էր, որ Գյումրին նույնպես հանձնվի իրեն: Իհարկե, Թուրքիային չհաջողվեց հասնել դրան, չնայած Գյումրին պայմանագրով վիճելի տարածք էր համարվում: Ի միջի այլոց, բանակցությունների ժամանակ հայկական կողմը պահանջում էր, որ Անիի ավերակները  միացվեն  Հայաստանին: Թուրքական պատվիրակությունը սկզբում հայտարարեց, որ իրենք իրավասու չեն լուծելու այդ հարցը և պետք է դիմեն իրենց կառավարությանը: Դիմեցին  և մի քանի օր անց  պատասխանեցին` Թուրքիայի կառավարությունը դեմ է այդ պահանջին»:

Նախիջևանն ու Արցախը ևս այս քարտեզում վիճելի տարածքներ են համարվում: Առաջինի դեպքում առանձին հոդված կա` Նախիջևանը ինքնավար մարզի կարգավիճակով` Ադրբեջանի խնամակալության ներքո: Արցախի պատկանելության մասին որևէ խոսք պայմանագրում չկա: Հայտնի հանգամանքներում, հետագայում արդեն ԽՍՀՄ կազմում, այն բռնակցվեց Ադրբեջանին:

Կարսի պայմանագրի` Հայաստանին կենսականորեն  առնչվող հաջորդ հոդվածը 17-րդն է:

Կարսի պայմանագիր, Հոդված 17. Պայմանավորվող կողմերն իրենց երկրների միջև հաղորդակցությունների անընդհատությունն ապահովելու նպատակով պարտավորվում են փոխադարձ համաձայնությամբ ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի պահպանվեն և, որքան հնարավոր է, արագ զարգանան երկաթուղային, հեռագրական և հաղորդակցության մյուս միջոցները, ինչպես նաև այն նպատակով, որպեսզի առանց որևէ կասեցման ապահովվեն մարդկանց և ապրանքների ազատ փոխադրումները:

Հոդվածի հիման վրա կողմերի միջեւ 1922-ի հունիսին կնքվել է երկաթգծի աշխատանքի կանոնակարգման մասին կոնվենցիա, որը թուրքական կողմի պատճառով չի գործում: Չի գործում նաև 19-րդ հոդվածի` հյուպատոսական հարաբերությունների հաստատման մասին դրույթը: Դա նույնպես միակողմանի կերպով խախտվում է պաշտոնական Անկարայի մեղքով:

Վերջին` 20-րդ հոդվածով Կարսի պայմանագրի վավերագրերը` ստորագրված և կնիքներով հաստատված, փոխանակվել են Երևանում, 1922թ. սեպտեմբերի 11-ին:

Հ.Գ. Կարսի պայմանագրի ստորագրման վայրում այսօր էլ կանգնած է մի հսկա զրահամեքենա: Վրան գրված է`«Լենինից`  Քեմալին»:

Նաիրի Հոխիկյան


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն