Գլխավոր » Լրահոս

Հրայր Թովմասյան.«Սահմանի բացվելուց հետո, կարճ ժամանակ անց, դրանք կրկին կարող են փակվել»:

Հոկտեմբեր 12, 2009թ. 19:35

Խոսելով հայ-թուրքական ստորագրված Արձանագրությունների սահմանադրականության մասին,  Հրայր Թովմասյանը նշեց, որ մինչ Ազգային Ժողով մտնելն ու ՀՀ նախագահի կողմից  դրանց վավերացումը, Սահմանադրական դատարանում պետք քննարկվեն  այդ արձանագրություններում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: «Իմ դիտարկմամբ,  Արձանագրությունների դրույթները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը»- նշեց նա:

Փոխարենը, սակայն, Թովմասյանը կարծում է, որ քննարկման առարկա կդառնա այն, թե որքանով են Արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում Սահմանադրության նախաբանին: «Սա այլևս Սահմանադրական դատարանի վճռելիքն է, և այն տեղի կունենա ամենաուշը`  1-1,5 ամիս անց»:

Որպես իրավաբան անդրադառնալով Արձանագրությունների տեքստին, նկատեց, որ այն կարող էր առավել հաջողված  լինել, եթե  այն մշակեին միջազգայնագետներ, թուրքագետներ և տնտեսագետներ: Հրայր Թովմասյանը նաև նկատեց, որ մինչ ստորագրումը կարող էին նաև փոփոխություններ կատարել, ճշգրտումներ մտցնել տեքստի բովանդակության մեջ, ինչը  ցավոք, չարվեց:

Խոսելով սահմանների բացման մասին, նկատեց, թե  որևէ երաշխքի չկա, որ սահմանի բացվելուց հետո, կարճ ժամանակ անց,  դրանք կրկին չեն փակվելու:  «Այդ երաշխիքն ու դրա իրավական հետևանքները թողնված են  քաղաքական գործընթացներին և այն պետություններին, որոնք  ստանձնել են այս համաձայնագրերի ստորագրման կնքահոր դերը»:

Թովմասյանը կարծում է, որ ՀՀ խորհրդարանը  փաստաթղթի վավերացման ժամանակ պետք է վերապահումով մոտենա և հայտարարի, որ փաստաթուղթը Թուրքիայի կողմից չվավերացվելու դեպքում Հայաստանը ևս  կմերժի  համաձայնագրի վավերացումը:

«Արդյոք այդ արձանագրությունների ստորագրումը  չի՞ խոչընդոտի Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին» հարցին Հ. Թովմասյանը պատասխանեց. «Ցեղասպանության ճանաչման գործընթացը  առավելապես քաղաքական է, այդ հարթության մեջ մենք գործ ունենք քաղաքական  շահերի հետ և  ոչ թե իրավական կամ համամարդկային արժեքների»: Որպես լավագույն օրինակ, նա հիշեցրեց  ԱՄՆ-ի  տարբեր նախագահների դիրքորոշումներն այս հարցում: Նրանք տարբեր առիթներով արտահայտել են իրենց կարծիքը` ընդունելով Ցեղասպանության փաստը, բայց նշել են, որ  կան քաղաքական շահեր, և քանի  որ տվյալ պահին իրենց շահերից չի բխում Ցեղասպանության  ճանաչումը, ապա չեն կարող այդ մասին հայտարարել: Հետևապես. «Արձանագրությունները ոչ մի կերպ չեն խոչընդոտելու Ցեղասպանության ճանաչման գործընթացին,  և եթե, օրինակ, Թուրքիայում իշխանության գան իսլամիստներն ու սպառնան ԱՄՆ-ի, Եվրոպայի շահերին, ապա այդ ժամանակ  նրանք անպայման կճանաչեն Հայոց Ցեղասպանությունը»:

Կարինե Պետրոսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն