Հիլարի Քլինթոնը ներկայացրել է սեփական «վարկածը»
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ինքը շատ ուրախ է Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ: Ստորագրման արարողությունից հետո նա հայտարարել է, որ գործընթացը շարունակվում է: «Մենք, անկասկած, պատրաստ ենք հնարավորն անել, որպեսզի կարողանանք ավարտին հասցնել մեր սկսածը: Կան շատ դժվար հարցեր, որոնք մշտապես քննարկման ու մշակման կարիք ունեն: Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք ստորագրել արձանագրությունները, և այժմ մենք անցնում ենք հաջորդ փուլին»,- հայտարարել է Քլինթոնը: Այս մասին տեղեկանում ենք Պետքարտուղարության լրատվական ծառայությունից:
Հարցմանը, թե ի՞նչը, ի վերջո, տարաձայնությունների պատճառ դարձավ, և արդյոք հայկական կողմը դե՞մ էր, որպեսզի թուրք արտգործնախարարը հանդես գար հայտարարությամբ, Քլինթոնը պատասխանել է. «Երբ Ցյուրիխի համալսարան գնալու ճանապարհին ես իմացա, որ որոշ խնդիրներ են ծագել, անմիջապես հետ գնացի դեպի հյուրանոց: Այդ ժամանակ ես հեռախոսով խոսում էի և նախարար Նալբանդյանի, և նախարար Դավութօղլուի հետ: Մենք խոսեցինք Նալբանդյանի հետ, և ես նրան իմ մեքենայով բերեցի Ցյուրիխի համալսարան, որտեղ պետք է տեղի ունենար ստորագրման արարողությունը»:
Նրան նաև հարցրել են, թե ո՞վ էր մեքենայի մեջ ամենաշատը խոսում` Պետքարտուղա՞րը, թե՞ նախարար Նալբանդյանը, Քլինթոնը պատասխանել է` «Ես»:
Քլինթոնին նաև հարցրել են, թե ինչու՞, այնուամենայնիվ, նախապես ծրագրված 3 րոպեանոց հայտարարություններ չեղան, Պետքարտուղարը պատասխանել է, որ ինքնին բանակցությունների գործընթացը շատ երկար է տևել և հայտարարություններ անելու ժամանակ չի եղել: «Սարսափելի ուշ էր արդեն. երկու ժամ ես ուշացել էի, Լավրովը նույնպես ուշանում էր բանակցություններից, մեր մյուս գործընկերն արդեն ուշացել էր ինքնաթիռից: Այնպես որ, այդ պարագայում շատ խելամիտ էր ստորագրել-ավարտել, և մարդիկ կարող էին իրենց հայտարարություններն արտահայտել հետո»,- պատասխանել է Քլինթոնը:
Ինչպե՞ս է Պետքարտուղարը գնահատում երկու երկրներում այդ արձանագրությունների վավերացման հավանականությունը հարցին, Քլինթոնը պատասխանել է, որ արձանագրությունները պետք է վավերացնեն երկրների խորհրդարանները: «Դա դժվար գործընթաց կլինի, բայց դա հաջորդ փուլն է»,- հավելել է նա:
Armar.am












