Գլխավոր » Լրահոս

Ինչ ելույթով պետք է հանդես գար Էդվարդ Նալբանդյանը Ցյուրիխում

Հոկտեմբեր 13, 2009թ. 10:39

«Առավոտ» օրաթերթին հայտնի է դարձել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ  Նալբանդյանի հայտարարության տեքստը, որը նա պետք է կարդար Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին`  հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո:

Ներկայացնում ենք ելույթի բովանդակությունն ամբողջությամբ.

«Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք: Մենք հավաքվել ենք Շվեյցարիայի հյուրընկալ հողում` ստորագրելու Արձանագրությունները, որոնք դնելու են այն հիմնաքարը, որի վրա գալիք տարիներին պետք է կառուցվեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները:

Սա առանձնահատուկ օր է, նոր մեկնարկի, նոր հարաբերությունների և նոր հեռանկարների յուրատեսակ նախաշեմ:

Դա կարող է օգտակար լինել մեր ժողովուրդների համար, եթե մենք այս փաստաթղթերը կյանքի կոչենք ինչպես և պայմանավորվել ենք` ճշտապահորեն, առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում իրականացնենք դրանց դրույթները:

Գործընթացի սկզբից ևեթ մենք գիտակցում էինք այն դժվարություններն ու խոչընդոտները, որոնք առկա են դեպի ապագա տանող այս փշոտ, բայցև այսքան անհրաժեշտ ճանապարհին: Սակայն, մենք նաև գիտակցում էինք, որ այս ծանր բեռը հաջորդ սերունդներին թողնելը անպատասխանատու և չարդարացված կլինի:

Այսօր մենք ջանքեր ենք գործադրում մեր ժողովուրդներին երկար ժամանակ բաժանող փակ դուռը բացելու համար, մենք ճանապարհ ենք հարթում գալիք սերունդների խաղաղ և բարգավաճ ապրելու հնարավորությունն ապահովելու համար:

Ամենօրյա ինտենսիվ բանակցությունները հնարավորություն ընձեռեցին գտնելու այն բանալին, որը պետք է բացի դռան փականը և աննախադեպ հնարավորություն ընձեռի վստահությամբ քայլելու դեպի ապագա:

Այսօրվա Եվրոպայի կայունությունը, անվտանգությունը և բարեկեցությունը հիմնված են մի քանի տասնամյակ առաջ ժամանակի երկու հեղինակավոր առաջնորդների խորհրդանշական ձեռքսեղմման վրա: Նրանք խիզախություն ունեցան ոչ միայն հաշտեցման տանելու իրենց ժողովուրդներին, այլև տեսլական ունեցան ստեղծելու այնպիսի պայմաններ, որ Եվրոպայի ժողովուրդներն ապրեն խաղաղ և անվտանգ:

Նման խորհրդանշական ձեռքսեղմում տեղի ունեցավ 2008թ. սեպտեմբերի 6-ին Երևանում, ուր Հայաստանի ղեկավարի նախաձեռնությամբ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի նախագահները:

Բարձր գնահատելով մեր առաջնորդների քաղաքական կամքը և երկու կողմից գործադրված հսկայական ջանքերը` ես ցանկանում են դրվատանքի խոսքեր ասել միջազգային հանրությանը այս գործընթացին շատ կարևոր հաստատակամ աջակցության համար: Այդ սատարումը կենսական էր գործընթացը առաջ տանելու գործում: Այսօր դուք կանգնած եք մեր կողքին` մասնակից լինելով Արձանագրությունների ստորագրմանը, և արդարացիորեն կիսում եք ձեռք բերված արդյունքի վաստակը, ինչպես նաև ապագա նվաճումների պատասխանատվությունը:

Ես ցանկանում եմ արտահայտել մեր գնահատանքն ու երախտագիտությունը Շվեյցարիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, Ֆրանսիային, բազմաթիվ այլ երկրներին, Եվրոպական և միջազգային կազմակերպություններին:

Կցանկանայի մեր խորին երախտագիտությունը հայտնել պետական քարտուղար տիկին Հիլարի Քլինթոնին ու նրա թիմին: Կցանկանայի խորին շնորհակալությունս հայտնել նախարար Սերգեյ Լավրովին, նաև նախարար Բեռնար Կուշներին, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ` նախարար Սամուել Զբոգարին, Եվրոպական միության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանային, բազմաթիվ բարեկամներին և բոլոր նրանց, ովքեր զգալի ջանքեր գործադրեցին գործընթացի առաջխաղացման գործում:

Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Շվեյցարիայի արտգործնախարար տիկին Միշլին Կալմի-Ռեյին և նրա թիմակիցներին` բանակցությունները հաջողությամբ ավարտին հասցնելու գործում գնահատելի աշխատանք կատարելու և անխոնջ ջանքերի համար»:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն