Հրանտ Դինքի սպանության գործով դատական լսումները թուրքերը վերածել են կատակերգության
Երեկ Ստամբուլի դատարանը մինչև 2010թ. փետրվարի 8-ը հետաձգեց Հրանտ Դինքի սպանության գործով դատական լսումները:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2.5 տարի առաջ, սակայն մինչ օրս մեղավորները պատժված չեն: Արդեն 2 տարի է, ինչ ընթանում է դատական գործընթացը, որը, սակայն, իրականում վերածվել է մի իսկական կատակերգության:
Երեկ դատարանում հերթական բեմականացված ներկայացումն էր ցուցադրվում. դատախազը մարդասպան Օգյուստ Սամաստին ցույց տալով այն զենքը, որով նա իրականացրել է Դինքի սպանությունը, հարցրել է. «Քեզ ծանո՞թ է այս զենքը»: Սամաստը ցինիկաբար պատասխանել է. «Հո հարսանիքի չէի գնում, մարդ սպանելու էի գնում: Բայց զենքը ո՞նց ճանաչեմ»: Իսկ սպանությունը կազմակերպած Յասին Հայալն էլ նույն ցինիկ տոնայնությամբ վրա է բերել. «Հարյուր տոկոսով հաստատում եմ` մեր օգտագործածն էլ էր զենք, սա էլ է զենք»:
Նման ցինիզմը խիստ վրդովեցրել էր ներկաներին:
Դատավարության ընթացքին հետևող Եվրախորհրդարանի և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, դժգոհելով դատավարության անբարո ընթացքից, հայտարարել են, թե իրենք համոզվում են, որ այս սցենարը մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի հնարավորինս երկարաձգվի այս դատավարությունն ու մնա անավարտ:
Ինչպես արդեն տեղեկացրել է Armar.am-ը, դատավարության պահին, դատարանի շենքի դիմաց կազմակերպվել էր բողոքի ցույց: Ցուցարարներն իրենց անհամաձայնությունն են հայտնել դատական լսումները հետաձգելու առնչությամբ և դատարանից պահանջել` ոչ թե ներկայացում խաղալ, այլ իրական ու արդար դատավարություն իրականացնել, քանի որ «եթե հայտնի չեն սպանության պատվիրատուները, ապա հայտնի են այն կատարողները, ուրեմն, դատարանը պարտավոր է նրանց նկատմամբ պատժամիջոց կիրառել»:
Armar.am












