Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան

Մոսկվայում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ

Հոկտեմբեր 13, 2009թ. 09:00

Sarkisyan-MedvedevՄոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Մոսկովյան հանդիպումը երկու երկրների ղեկավարների` այս տարվա ընթացքում արդեն յոթերորդ հանդիպումն էր:

Ողջունելով Հայաստանի Հանրապետության Նախագահին` Դմիտրի Մեդվեդեւն ասել է. «Ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Ինչպես եւ պայմանավորվել էինք, շարունակում ենք պարբերական եւ ինտենսիվ երկխոսությունը, հանդիպում եւ շփվում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Վերջերս հանդիպեցինք Քիշնեւում, քննարկեցինք ԱՊՀ հեռանկարները եւ առկա դժվարությունները, հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շատ բարդ խնդրի շուրջ հանդիպում ունեցանք` Ադրբեջանի Նախագահի մասնակցությամբ: Ես կարծում եմ, որ դա, այս պարագայում ես նկատի ունեմ այդ գործընթացում Ռուսաստանի միջնորդական մասնակցությունը, մեր հարաբերությունների շատ կարեւոր չափումներից է: Իսկ այսօր մենք հնարավորություն ունենք քննարկելու ինչպես մեր երկկողմ հարաբերությունները, այնպես էլ միջազգային օրակարգին առնչվող հարցեր եւ տարածաշրջանային խնդիրներ:

Ցավոք սրտի, ճգնաժամը ոչ ոքի չի խնայում, եւ մեր ապրանքաշրջանառությունը եւս վերջին ժամանակներս նվազել է, ինչն, իհարկե, հաճելի չէ: Ես նայել եմ ապրանքաշրջանառությանը վերաբերող թվերը, այնտեղ դրամատիկ փոփոխություններ չկան, բայցեւայնպես նշանակալի անկում է` գրեթե 20 %: Այն, իհարկե, տհաճ է եւ պետք է մտածել` ինչպես լրացնել այդ բացը, քանի որ առեւտրատնտեսական փոխգործակցության ձեռք բերած տեմպերի պահպանումը կարեւոր է ե’ւ Հայաստանի, ե’ւ Ռուսաստանի համար: Եթե խոսենք մեր հարաբերությունների այլ հարցերի մասին, ապա, ընդհանուր առմամբ, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Եթե խոսենք հումանիտար կապերի մասին, ապա Դուք ինքներդ մեծ ներդրում ունեք այդ կապերի զարգացման հարցում: Դուք եղել եք Օրենբուրգում, այցելել եք Դոնի Ռոստով, որքանով տեղյակ եմ` պատրաստվում եք այցելել Կալինինգրադ: Մեզ համար շատ հաճելի է, որ Դուք հանդիպումներ եք ունենում մարզերում, շփվում եք Սփյուռքի հետ: Ինձ թվում է, որ այս ամենն օգտակար է մեր հարաբերությունների համար, եւ նմանատիպ կապերը, որոնք ունեն նաեւ տարածաշրջանային բնույթ, ամբողջության մեջ էապես ամրապնդում են նաեւ ռուս-հայկական երկխոսությունը: Ես Ձեզ ջերմորեն ողջունում եմ: Հնարավորություն ունենք բոլոր հարցերի շուրջ խորհրդակցելու»:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է. «Շնորհակալություն ջերմ խոսքերի եւ հրավերի համար: Վստահարժան քաղաքական երկխոսությունը մեր հարաբերությունների շարժիչ ուժն է: Նման` ոչ ֆորմալ երկկողմ հանդիպումը շատ լավ ձեւաչափ է` քննարկելու մեր փոխհարաբերությունների ողջ համալիրը: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում կատարված ծավալուն աշխատանքը, իմ կարծիքով ,մեզ թույլ է տվել ինչպես տնտեսության, այնպես էլ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական հարաբերություններում, հումանիտար ոլորտում մոտենալ որակապես նոր քայլերի: Այդ առնչությամբ, կարծում եմ, որ այսօր մեծ եւ հարուստ օրակարգ ունենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործում Ձեր անձնական մասնակցության համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը եւ անձամբ Ձեզ` Թուրքիայի Հանրապետության հետ մեր հարաբերությունների զարգացման հարցում աջակցության համար: Ռուսաստանի արտգործնախարարի ներկայությունը ստորագրման արարողությանը մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ձգտում է խաղաղության եւ ամուր անվտանգության: Ես ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար եւ կարծում եմ, որ այսօրվա խոսակցությունը մեծ ներդրում կունենա մեր հարաբերությունների զարգացման գործում»:

Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի առանձնազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների ողջ համալիրին եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահները քննարկել են առեւտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը, միջտարածաշրջանային համագործակցության խորացմանը, էներգետիկայի եւ ռազմատեխնիկական ոլորտում խոշոր նախագծերի իրականացմանը, տարածաշրջանային կազմակերպություններում` ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում եւ ԵվրԱզԵս-ում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու առանձին գործընթացներին վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են նաեւ տարբեր ոլորտներում հեռանկարային ներդրումային նախագծերին վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարներին եւ Արագ արձագանքման հավաքական ուժերին` օրերս Ղազախստանում մեկնարկելիք «Փոխգործակցություն-2009» զորավարժությունների համատեքստում:

Հայաստանի Հանրապետություն, Նախագահ Սերժ Սարգսյան, Ռուսաստանի Դաշնություն, Դմիտրի Մեդվեդև, ԱՊՀ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Ադրբեջան


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն