Արմեն Աղայան. «Ծաղկեցնենք Արցախը` ներառյալ ազատագրված տարածքները»
«Արմատ»մամուլի ակումբի հյուր քաղաքագետ Արմեն Աղայանը հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացը համարում է լավ մշակված շոու. «Պատկերացրեք, գնում եք թատրոն, և կեսից դերասանը որոշում է փոխել իր խաղաոճն ու սցենարը: Բայց նման բան հնարավոր չէ, հետևապես բացառվում է, որ հայկական կողմը ճանապարհի կեսից որոշի փոխել սցենարը: Հետևաբար, այս ամենը նախապես պլանավորած և մշակված շուո էր: Հայաստանն այսօր մտել է մի խաղի մեջ, որից չի կարող այլև դուրս գալ: Ինչպես գիտենք, մեր ղեկավարների մեծ մասը շախմատի հանդեպ անտարբեր չէ: Սա էլ նման է շախմատի, եթե կպել ես խաղաքարին, ապա պետք է քայլդ կատարես: Հետևաբար, մեր ղեկավարությունը սկսել է մի խաղ, որից հետ կանգնել չի կարող»:
Ըստ քաղաքագետի, Թուրքիայի համար էական հարցերից է համարվում ազատագրված հողերի հանձնումն Ադրբեջանին, քանի որ դրանով Հայաստանի ամրությունը կսասանվի: Արձանագրությունների ստորագրման մյուս հիմնական նպատակն է նաև Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը:
Չանտեսվեց նաև այն հանգամանքը, որ պատմաբանների ենթահանձնաժողովի նպատակը Ցեղասպանության հարցի քննարկումն է, որով էլ փորձ կարվի հայությանը պարտադրել հրաժարվել Ցեղասպանության հետևանքով կորցված հայրենի հողերից` Արևմտյան Հայաստանից:
Արմեն Աղայանը նաև վստահ է, որ արցախյան խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների հարց է, իսկ հայ-ադրբեջանական հարաբերություններ գոյություն չունեն:
Քաղաքագետը թերահավատորեն մոտեցավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հերքմանը, որով վերջինս հավաստում էր, թե Ալիևի հետ ազատագրված տարածքների զիջումից չեն խոսել` ասելով, թե այդ դեպքում հարկ է հերքել նաև այն բոլոր հարցազրույցներն ու ելույթները, որոնցում Սերժ Սարգսյանը խոսում է ազատագրված տարածքների հանձնման մասին:
Միաժամանական շեշտեց այն հանգամանաքը, որ ոչ մի թիզ հող չպետք է տրվի թուրքերին, այլ պետք է միայն ծաղկեցնենք Արցախը` ներառյալ ազատագրված տարածքները: Ինչպես նաև դադարենք հղումներ անել թուրքական, ադրբեջանական և վրացական աղբյուրներին, քանի որ այդ ճանապարհը տանում է Հայաստանի կործանման:
Ա. Կ.
Թեգեր` Արևմտյան Հայաստան, թուրք, հայ-ադրբեջանական հարաբերություններ, տարածքային ամբողջականություն












