Գլխավոր » Լրահոս

Լույս` թունելի սկզբո՞ւմ, թե՞, այնուամենայնիվ, խավար.Երևան-Անկարա-Մոսկվա տեսակամուրջ

Հոկտեմբեր 13, 2009թ. 19:13

telemostՄիակարծություն կամ… սա վերջն է առաջին մասի

«Նովոստի Արմենիա» միջազգային լրատվական կենտրոնի կազմակերպած Երևան-Անկարա-Մոսկվա տեսակամուրջի նպատակն էր պարզել, թե ի՞նչ տեսակետներ են այսօր արտահայտվում Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական փաստաթղթի շուրջ այս երեք երկրներում, ինչքանո՞վ են իրատեսական այդ փաստաթղթերը կյանքի կոչելը։

Հայկական կողմից տեսակամուրջին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն  Ռուբեն Սաֆրաստյանը, Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, «Եվրոպական ինտեգրացում» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը։

Թուրքական կողմի տեսակետները ներկայացնում էին Թուրքիայի միջազգային հարաբերությունների և ստրատեգիական վերլուծությունների կենտրոնի պրեզիդենտ Սինան Օղանը, եվրոպական անվտանգության ակադեմիայի փոխպրեզիդենտ, Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի գիտխորհրդի անդամ, պրոֆեսոր Հյուսեյն Բեգջին։

Ռուսական կողմից հանդես էին գալիս Ռուսաստանի Դաշնային խորհրդի կոմիտեի միջազգային հարցերի գծով նախագահի տեղակալ Վասիլի Լիխաչևը և ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար Նատալիա Ուլչենկոն։ Երեք կողմերից մասնակցում էին նաև բազմաթիվ լրագրողներ։

Վ. Լիխաչովն ընդգծեց, որ մեր տարածաշրջանում կուտակված խնդիրներն այսօր աշխարհի ուշադրության կենտրոնում են, և, անշուշտ, դրանք պետք է լուծում ստանան։ Ուստի, Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական կապերի հաստատումը շատ մեծ քայլ էր դեպի առաջ` այդ խնդիրների կարգավորման ճանապարհին։

«Այդ փաստաթղթերը կարևոր են ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում կայունություն ու խաղաղություն հաստատելու համար։ Առաջին մեծ քայլն անելով` այսուհետև վստահորեն կարելի է առաջ ընթանալ»,- ասաց Վ. Լիխաչևը։

Նա կոչ արեց Հայաստանի և Թուրքայի խորհրդարաններին` փաստաթղթերը վավերացնելու խնդրում ողջամիտ գտնվել։

Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ կարևորում է այն հանգամանքը, որ փաստաթղթերն ստորագրվեցին առանց նախապայմանների. «Հասկանում եմ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատումը հեշտ չի լինի, բայց այն կամքը, որ  դրսևորվեց փաստաթղթերը ստորագրելիս, կշարունակվի։ Արդյունքում` կբացվեն սահմանները, դիվանագիտական կապեր կհաստատվեն երկու երկրների միջև»,- ասաց պարոն Սաֆրաստյանը։

Թուրքական կողմի տեսակետը ներկայացնող Հյուսեյն Բեգջիի խոսքը ևս շատ զուսպ էր։ Ըստ նրա, հասունացել էր արդեն նման փաստաթուղթ ընդունելու անհրաժեշտությունը։ Վերջապես վերջ կդրվի այն իրավիճակին, որ երկար տարիներ կար։ Նա շեշտեց, որ, ճիշտ է, ստորագրման գործընթացը դժվար կլինի, բայց այն փաստը, որ Հայաստանն ու Թուրքիան իրենք քայլեր կատարեցին այդ ճանապարհին,  արդեն զգալի առաջընթաց է։

Հ. Բեգջիի ելույթի` ինչ- որ տեղ խանդավառ այս հատվածից հետո, պարզվում է, որ Հայաստանի տնտեսությունը շատ ու շատ հետ է մնացել միջազգային տնտեսական գործընթացներից, և Թուրքիայի հետ հարաբերությունների լավացումը, փաստորեն, կփրկի այն։

Ն. Ուլչենկոն ևս դրական համարեց փաստաթղթի ստորագրումը։ Բայց, ի տարբերություն թուրքերի, նա այն տեսակետն արտահայտեց, որ Թուրքիայի` Հայաստանին մոտ շրջանների` Արևելյան Անատոլիայի համար սահմանի բացումը տնտեսապես շատ բարենպաստ կլինի։ Թուրքիայի ներկայացուցչի այն հակադարձմանը, թե Հայաստանի տնտեսությունը շատ հետ է մնում Թուրքիայից, Ն. Ուլչենկոն պատասխանեց, որ Թուրքիայի տնտեսության զարգացումը երևում է միայն Ստամբուլում, իսկ նշյալ տարածքներում տնտեսության, առավել ևս` դրա զարգացած լինելու մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող։

Ալ. Իսկանդարյանը խոսեց այն դժվարությունների մասին, որոնք առկա են առաջիկայում։ Նրա կարծիքով ևս փաստաթղթի ստորագրումը շատ կարևոր քայլ էր, բայց սա ոչ թե ճանապարհի վերջն է, այլ սկիզբը։ Փաստաթղթում երկու ժողովուրդների համար էլ շատ են զգայական կողմերը, փաստաթղթի շատ կետերի շուրջ տարաբնույթ ընկալումներ կան, ուստի դրանց վավերացման ճանապարհը հարթ լինել չի կարող։ Այդ ճանապարհին նաև կարևորեց այն, որ երկուստեք այդ գործընթացին պետք է պատրաստ լինեն, իսկ առաջին հերթին` հասարակությունը։

«Չեմ կարծում, որ այս գործընթացի իրագործման հավանականությունը հավասար է զրոյի, բայց որ այն շատ դանդաղ ընթացք կունենա, փաստ է, քանի որ այդ ճանապարհին շատ մեծ աշխատանք կա, շատ դժվար ճանապարհ պետք է հաղթահարեն թե’ հայ, թե’ թուրք, թե’ երրորդ երկրների քաղաքագետները»,- նշեց Ալ. Իսկանդարյանը։

Այլ կարծիքներ… կամ Թուրքիան բացում է խաղաքարտերը

Սինան Օղանն իր ելույթը սկսեց թույլից չափավոր շեշտադրումներով։ Նա ևս ողջունեց երկու երկրների կողմից հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլը, ապա աստիճանաբար սկսեց բացել խաղաքարտերը։ Ըստ նրա,  այսօր էական ոչ մի դեր չեն խաղա քննարկումներն այն մասին, թե հայերի ցեղասպանություն եղե՞լ է, թե` ոչ, Անատոլիան հայկական տարա՞ծք է, թե՞ չէ, սրանք երկրորդական են։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին առաջնային ու շատ մեծ մեկ խնդիր կա, առանց որի լուծման անհնար է խոսել որևէ այլ քայլի մասին, դա Ղարաբաղի խնդիրն է։ «Թուրքական խորհրդարանում նման որևէ փաստաթուղթ չի կարող  ընդունվել, քանի դեռ Ադրբեջանին չեն վերադարձվել Հայաստանի կողմից գրավյալ տարածքները։ Մինչև Ղարաբաղի խնդրում առաջընթաց չարձանագրվի, սահմանը չի բացվի»,- հայտարարեց նա։

ՀԱԽ անդամ Ռամիլ Ռադիկովն իր տարակուսանքը հայտնեց այս տեսակետի մասին և նշեց, որ իր մոտ տպավորություն ստեղծվեց, թե այս քննարկմանը, նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ներգրավված է նաև Ադրբեջանը։ «Ղարաբաղի խնդիրն այս շրջանակներում քննարկելու հարց չէ, դա թողնենք Մինսկի խմբին»,- ասաց նա։

Ստեղծված իրավիճակի, նաև հետագա զարգացումների մասին շատ կտրուկ էր «Եվրոպական ինտեգրացում» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանի տեսակետը։ «Հույս ունեմ, որ լավատեսությունը կարդարացվի, բայց ես լավատես չեմ»,- ասաց նա և ընդգծեց, որ շատ դժվար է համագործակցել մի  երկրի հետ, ով ցեղասպանություն է իրականացրել և չի ընդունել այդ փաստը։ Հիմա էլ` այդ երկրի հետ հարաբերությունների վերականգնման փորձ է արվում` առանց նախապայմանների։ Դա կարծես քիչ է, այդ երկիրն ինքն է փորձում նախապայմաններ թելադրել։ «Եթե Թուրքիան շարունակի Ղարաբաղի մասին նման հայտարարություններ անել, ապա դա բացասաբար կանդրադառնա ղարաբաղյան խնդրի ինքնուրույն կարգավորման գործընթացի վրա։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում ղարաբաղյան խնդրի վերհանումը կարող է երկու կողմերի համար անկանխատեսելի հետևանքների հանգեցնել, կամ էլ բումերանգի էֆեկտ կունենանք. ուզում էին` լավ, բայց եղավ ոչ թե` ինչպես միշտ, այլ` ավելի վատ։  Հույս ունենանք, որ Թուրքիան, այնուամենայնիվ, այս անգամ նորմալ քաղաքականություն է վարում, այլ ոչ թե` այսպես կոչված «ապրիլյան», ըստ որի հույս ունեն հերթական ապրիլը թևակոխել առանց որևէ խնդրի։ Եթե, այնուամենայնիվ, Թուրքիան այդքան շատ է ուզում խոսել Ղարաբաղի մասին, կարելի է այդ մասին խոսել բացարձակ այլ տեսանկյունով. հայ փախստականների վերադարձ Արևելյան Անատոլիա, ինչպես նաև` Արևմտյան Հայաստան։ Այս դեպքում արդեն հնարավոր կլինի այլ տեսանկյունից խոսել նաև Ղարաբաղի մասին։ Եթե այդ վերադարձը թուրքերը հնարավոր են համարում, ապա դրանից հետո գոնե բարոյական իրավունք կունենան, քանի որ իրավական և քաղաքական իրավունք ընդհանրապես չունեն խոսելու ադրբեջանական փախստականների, ուր մնաց թե` Ղարաբաղի տարածքները վերադարձնելու մասին»,-ասաց Կ. Բեքարյանը։

Այս ձևակերպումներից հետո թուրքերի խոսքն առավել զգուշավոր դարձավ. Դե` դրկից հարևանների միջև նման խոսակցություններ չպետք է լինեն և այլն։

Վերջում տեսակամուրջի մասնակիցներին հարցեր ուղղեցին լրագրողները։ Հարցադրումները հիմնականում նրա շուրջ էին, թե ինչպիսին է երկու ժողովուրդների կարծիքը քննարկվող խնդրի մասին, արդյոք դրա վերաբերյալ որևէ հարցում կամ սոցիոլոգիական հետազոտություն կատարվե՞լ է:

Գոհար Փիլթոյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն