Ադրբեջանցի փորձագետ.«Սահմանները կբացվեն մինչև այս տարվա ավարտը»
Lider.TV-ի փորձագետ Թոֆիկ Աբասովը Day.az-ին տված հարցազրույցում կարծիք է հնչեցրել, որ հայ-թուրքական Արձանագրությունները կվավերացվեն թե´ հայկական և թե´ թուրքական խորհրդարաններում:
«Իրադարձությունների զարգացման ուղղությանը հետևելիս տեսնում ենք, որ թե´ Հայաստանը և թե´ Թուրքիան առասպելներ են հորինում այն բարդությունների վերաբերյալ, որոնք իբր ուղեկցել են Շվեյցարիայում Արձանագրությունների ստորագրման գործընթացին: Իրականում, երկու կառավարություններն էլ` Արևմուտքի սատարմամբ, մանրամասնորեն պատրաստվել են այս գործընթացին։ Իրենք իրենց հաշվետու չեն, որ Կովկասում իրավիճակը լիակատար կերպով կարգավորելու համար հարկավոր է հաշվի առնել նաև Ադրբեջանի շահերը»,- հայտարարել է Աբասովը:
Փորձագետի կարծիքով, Թուրքիան գործել է Արևմուտքի թելադրանքով, ում ներկա պահին ծայրահեղ անհրաժեշտ է ոսկե միավորներ հավաքել դիվանագտական ճակատներում:
Աբասովը նաև հայտարարել է, որ հայ-թուրթական սահմանը կարող է բացվել մինչև այս տարվա ավարտը:
«Ինձ թվում է, որ դա հենց այդպես էլ ծրագրված է: ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բերնար Քուշները շատ լավ են ընդունել երկու երկրների հաշտությանը տանող առաջին քայլը, և գործընթացի հանգուցային խնդիրներից մեկն էր հանդիսանում սահմանի բացումը:
Կարծում եմ, որ սահմանները կբացվեն մինչև այս տարվա ավարտը, իսկ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացն էլ ավելի կարագացվի: Հակառակ դեպքում ողջ լավատեսական մթնոլորտը կարող է հօդս ցնդել»,- եզրափակել է ադրբեջանցի փորձագետը:












