Ռազմիկ Զոհրաբյան. «Ոչ մի երաշխիք չկա, որ Թուրքիայի մեջլիսում կվավերացվեն արձանագրությունները»
«Ի վերջո, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ցույց տվեց իր կամքը, և այն, որ իրենից Հայաստանում հրաժարական էին պահանջում, արդարացված չէ»,-«Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Նա այն կարծիքին է, որ «եթե առաջին պահից մենք թույլ տայինք մեզ հետ խոսել նախապայմանների լեզվով, ապա հետագայում ավելի դժվար կլիներ»: ՀՀԿ փոխնախագահի ակնարկն ուղղված էր արձանագրությունների ստորագրման ժամանակ Ղարաբաղյան հիմնահարցի մասին հայտարարություն հնչեցնելու` թուրքական կողմի մտադրությանը:
Լրագրողները հարցրեցին, թե կա՞ արդյոք տեղաշարժ հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, թե ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով Թուրքիա կմեկնի միայն այն ժամանակ, երբ սահմանները բաց կլինեն, կամ այդ ուղղությամբ տեղաշարժ կլինի: Հանրապետական պատգամավորը պատասխանեց. «Իսկ Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն արդյոք տեղաշարժի մասին չի՞ վկայում։ Սա առաջին փուլն է։ Երկրոդ փուլը լինելու է խորհրդարանների կողմից արձանագրությունների վավերացումը։ Ես կարծում եմ, որ տեղաշարժ կա, այդպես է կարծում նաև նախագահը, դրա համար էլ նա մեկնում է Թուրքիա»։
Բանախոսի կարծիքով` «ոչ մի երաշխիք չկա», որ թուրքական մեջլիսում կվավերացվեն հայ-թուրքական արձանագրությունները:
«Սակայն երաշխիքներից մեկն այն է, որ մենք արդեն ստորագրել ենք այդ արձանագրությունները: Եթե Թուրքիան չգնա դրա վավերացմանը, ապա ի՞նչ միտք ուներ ստորագրել», – ասաց Ռազմիկ Զոհրաբյանը և հավելեց, որ ոչ Թուրքիան, և ոչ էլ Հայաստանը չեն շահելու, եթե այս արձանագրությունները չվավերացվեն:
Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարություններին, թե սահմանը կբացեն միայն այն ժամանակ, երբ Հայաստանն Ադրբեջանին կվերադարձնի «գրավյալ» տարածքները, ապա Զոհրաբյանն ասաց. «Էրդողանն անընդհատ հայտարարում է այդ մասին։ Թուրքական կողմը, սկսած այն պահից, երբ այդ տարածքներն ազատագրվեցին, միշտ էլ այդ մասին հայտարարում է։ Բայց, ինչպես տեսնում եք, չնայած Էրդողանի կամ Գյուլի հայտարարություններին, ստորագրվեցին այս արձանագրությունները»:
Armar.am












