Գլխավոր » Լրահոս

Ցեղասպանության և Արցախի հարցի հանդեպ մոտեցումները չեն փոխվի

Հոկտեմբեր 14, 2009թ. 14:25

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ակտիվացնելով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի մյուս նախագահների նման, իրականացնում է իր պատմական առաքելությունը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:

«Նորանկախ Հայաստանն ունեցել է երեք նախագահ, որոնցից յուրաքանչյուրն իր պատմական առաքելությունն է իրականացրել: Ոչ մեկը չի կարող ժխտել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ մենք հաղթանակ ենք տարել Ղարաբաղյան պատերազմում, ոչ մեկը չի կարող ժխտել, որ Ցեղասպանության միջազգայնացման վաստակը կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ: Ես համողված եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանը ևս ունի իր պատմական առաքելությունը՝ Հայաստանը պետք է ճեղքի այս դիվանագիտական բլոկադան և տարածաշրջանում ունենա իր կարևոր դերը»,- ասաց նա:

Ըստ բանախոսի, Ցեղասպանությունը և Արցախի հարցը ոչ մի կապ չունեն Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների հետ:

«Հայաստանը շարունակելու է Ցեղասպանության և Արցախի հարցի իր շահագրգիռ մոտեցումները»,- վստահեցրեց ՀՀԿ ներկայացուցիչը:

Խոսելով արձանագրությունների ստորագրման մասին` Համլետ Հարությունյանը պատմական ակնարկ կատարեց, թե որ կուսակցության անհեռատես քաղաքականության կողմից ինչ կորուստներ է ունեցել հայ ժողովուրդը:

«Կարելի է միայն ողջունել բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են բարելավել այդ հարաբերությունները, վերականգնել պատմական արդարությունը, երբեք այդ հարցերը կախման մեջ չդնել Ցեղասպանությունից կամ Արցախի հարցից: Մենք կառուցում ենք մեր պետությունը, մենք բոլոր շահերը ստորադասել ենք պետական շահերին: Հզոր պետություն ունենալու համար պետք է պրագմատիկ պետական մտածողություն ունեցող գործիչները կարողանան այս խնդիրները լուծել»,- նշեց պատգամավորը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն