Ադրբեջանը և մի շարք այլ երկրներ մեղադրում են Հայաստանին «համաշխարհային իսլամական մշակույթը ոչնչացնելու» համար
Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 13-ին նամակով դիմել է իսլամական երկրների մշակույթի նախարարների 6-րդ կոնֆերանսի մասնակիցներին: «Ադրբեջանական հասարակությունը շատ տոլերանտ է: Մենք այսօր պատրաստ ենք կոնստրուկտիվ երկխոսության, ինչն արդեն մեզ համար ավանդույթ է դարձել»[1]-ասված է Ադրբեջանի նախագահի նամակում:
Իլհամ Ալիևը բնականաբար անդրադարձել է Հայաստանի «օկուպացրած» տարածքներին և նշել, թե «օկուպացված» տարածքներում ոչնչացվում են մզկիթներ և մշակութային այլ հուշարձաններ:
«Ադրբեջանական «օկուպացված» տարածքներում Հայաստանի կողմից ոչնչացվող մշակութային հուշարձանները ողջ իսլամական մշակույթի հուշարձաններն են: Այդ պատճառով իսլամական երկրները պետք է համատեղ մասնակցեն այդ հուշարձանների պահպանությանը և վերականգնմանը»-սա արդեն Սուդանի մշակույթի նախարարի ելույթից է[2]: Նա նաև ավելացրել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի մշակութային կոթողների ոչնչացման հարցը իսլամական երկրների մշակույթի նախարարների 6-րդ կոնֆերանսի ժամանակ քննարկվող հարցերից է:
Իսկ Օմանի մշակույթի նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի «օկուպացրած» տարածքներում մշակույթի հուշարձանների ոչնչացումն իսլամական երկրների մշակույթի նախարարների 6-րդ կոնֆերանսի օրակարգի գլխավոր թեմաներից մեկն է[3]:
Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարար Աբուլուֆաս Գարիևն էլ ասել է, թե Ադրբեջանի «օկուպացված» տարածքներում հայերի կողմից ոչնչացվում են համաշխարհային քաղաքակրթական արժեքներ[4]: Նա նշել է, որ Ադրբեջանը իրականացնում է մեծամաշտաբ ծրագրեր` իսլամական աշխարհի պատմամշակութային հուշարձանների պահպանության համար: «Քանի որ Ադրբաջանի տարածքների «20 տոկոսը օկուպացված» է Հայաստանի կողմից, մենք հնարավորություն չունենք վերականգնել այդ շրջանների պատմամշակութային հուշարձանները»:
Հավելենք, որ Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարը, որը հայտարարում է Հայաստանի կողմից «համաշխարհային արժեք ունեցող իսլամական պատմամշակութային հուշարձանների» ոչնչացման մասին` չէր կարող չիմանալ, որ 2009 թվականի հուլիսին հայ-ադրբեջանական «ժողովրդական դիվանագիտության» շրջանակներում մի շարք ադրբեջանցի պատգամավորներ և մշակույթի գործիչներ եկել էին Արցախ և իրենց աչքերով տեսել ադրբեջանական հուշարձանների բարվոք վիճակը, որոնց մի մասը ԼՂՀ կողմից վերականգնվում է: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարը Իսլամական կոնֆերանսի երկրների մշակույթի նախարարների առջև ստում է:
Ստում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երբ հայտարարում է, թե «Ադրբեջանական հասարակությունը շատ տոլերանտ է»: Բերենք ադրբեջանական վանդալիզմների բազմաթիվ դեպքերից միայն մի քանի` լայն արձագանք գտած օրինակներ` Ադրբեջանի նախագահի ստախոսությունն ապացուցելու համար:
2005-2006թթ. Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանում վերջնականապես ոչնչացվեցին Հին Ջուղայի հայկական խաչքարերը: Երբ 1921 թվականին հայկական Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանին, այնտեղ գոյություն ուներ եզակի համալիր՝ 9-16-րդ դարերի մոտ 5000 խաչքարով, որոնք ժամանակի ընթացքում պարբերաբար ոչնչացվում էին ադրբեջանցիների կողմից և վերջնականապես անհետացան 2006-ին:
Աշխարհի տարբեր ծայրերի հայության կողմից բազմաթիվ դիմումներ եղան համաշխարհային հանրությանը, միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՄԱԿ-ին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել կանխելու «Ադրբեջանի կողմից իրականացվող մեկ մշակութային ցեղասպանությունը»: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որտեղ դատապարտում էր խաչքարերի ոչնչացման փաստն ու նաև դիմում ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Հայկական հուշարձանների ոչնչացման հարցն ընդգրկվել է նաև Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի օրակարգում՝ որպես «գրավոր պատասխան պահանջող հարց»: Բարոնուհի Քոքսը, մասնավորապես, կոչ է արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը քննարկել Ադրբեջանում հայկական խաչքարերի և նյութական մշակույթի այլ հուշարձանների ոչնչացման առնչությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի իր ներկայացուցչի միջոցով մտահոգություն հայտնելու հարցը: Այս ամենին չհետևեց միջազգային հանրության կողմից ոչ մի քայլ և ադրբեջանցի վանդալները մնացին անպատիժ:
Նշենք, որ հայկական հուշարձանները ոչնչացվում էին ադրբեջանական բանակի կողմից, ինչը վանդալիզմի քաղաքականության պետական մոտեցման ապացույցն է:
Նախիջևանում հիմնովին քանդվել է Աբրակունիս քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցին (1381 թ.)[5], ժամանակին Շոռութում գտնվող եկեղեցիներից` Հակոբ Հայրապետի, Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Աստվածածին, ինչպես նաև 924-926 թթ. խաչքարերից ոչինչ չի մնացել: Ոչինչ չի մնացել նաև Ագուլիսի, Օրդուբադի քաղաքաների հայկական եկեղեցիները և ընդհանրապես այդ երկրում ոչնչացվում են բալար հայկական հուշարձանները: Ադրբեջանում հայկական հուշարձանների և սրբավայրերի ոչնչացման մասին մենք ունենք շատ սուղ տվյալներ, որոնք հիմնականում իմանում ենք օտարազգի լուսանկարիչներից, սակայն այդ տվյալներն էլ հերիք են, որ բացահայտվի Ադրբեջանի մշաքութաքանդ վանդալիզմը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լկտի սուտը: Բացի հայկական հուշարձաններից ու սրբավայրերից, Ադրբեջանում քանդում են նաև մզկիթներ: Սեպտեմբերի 7-ին Բաքվում «Խղճի եւ կրոնի դավանության ազատության պաշտպանության կենտրոնի» (DEVAMM) նախաձեռնությամբ «Իսլամական մշակույթի մայրաքաղաքի մզկիթների քանդումը» խորագրով կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ միայն 2009 թվականին երեք մզկիթ քանդելու իրողությունն աննախադեպ է, ինչը հեղինակազրկում է Ադրբեջանն իսլամական աշխարհում, այն դեպքում, երբ 2009-ին Բաքուն Իսլամական կոնֆերանս կազմակերպության կողմից հայտարարվել է իսլամական մշակույթի մայրաքաղաք[6]:
Սակայն Ի. Ալիևի ստախոսությունը, ինչպես նաև Ադրբաջանի հակապատմական, հակամշակութային քաղաքականությունը մեզ սպառնացող միակ վտանգը չէ: Իսլամական երկրների մշակույթի նախարարների 6-րդ կոնֆերանսի ժամանակ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը խաղալով Իսլամի զգայուն լարերի վրա («Հայաստանը ոչնչացնում է իսլամական արժեքներ»)` Հայաստանի դեմ է տրամադրում իսլամական երկրներին: Միևնույն ժամանակ իսլամական երկրների աջակցությունը ստանալու համար Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցը ներկայացնում է որպես կրոնական հակամարտություն` ինչը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում:
Ադրբեջանի` իսլամական երկրներին Հայաստանի դեմ տրամադրող քաղաքականությամբ էր պայմանավորված նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը իսլամական երկրների հայ դեսպաններին, որպեսզի քաղաքականություն որդեգրվի այդ երկրներում իրականությունը ներկայացնելու ուղղությամբ:
ՀՀ նախագահի այդ նախաձեռնությունը շատ կարևոր է և դրա շրջանակներում անհրաժեշտ է, որ ՀՀ-ը պաշտոնապես պարզաբանմամբ հանդես գա իսլամական երկրների մշակույթի նախարարների 6-րդ կոնֆերանսի ժամանակ հնչեցրած ստահոդ հակահայկական հայտարարությունների կապակցությամբ:
[1]“Президент Азербайджана обратился с посланием к участникам VI конференции министров культуры исламских стран”, www.day.az
[2]“Министр культуры Судана выразил отношение к разрушению памятников на окупированных территориях Азербайджана”, www.day.az
[3] Министр Омана: «Мы всегда выступаем против разрушения памятников культуры», www.day.az
[4]Абульфас Гараев: «На оккупированных азербайджанских территориях уничтожаются памятники человеческой цивилизации», www.day.az
[5] «Շոտլանդացի Սթիվեն Սիմը ուսապարկից հանում է հայկական պատմամշակութային հուշարձանները ներկայացնող գրքեր ու քարտեզներ, որտեղ ներկայացված են ժամանակակից և պատմական Հայաստանի տարածքները»: www.armenianow.com
[6] ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, http://www.noravank.am/












