Լևոն Զուրաբյան. «Միակ տարբերակը Սերժ Սարգսյանի հրաժարականն է»
Այսօր «Փաստարկ» ակումբում Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը պարզաբանումներ տվեց երկու օր առաջ ՀԱԿ-ի արած հայտարարությանը: Նա նշեց, որ իրենք ստորագրված արձանագրությունները գնահատում են որպես «Ցյուրիխյան ուրացման գործընթաց»: Նա կոչ արեց` ժողովրդին ասել ճշմարտությունը:
«Ցեղասպանության հարցում Հայաստանը գնաց զիջումների` դրա դիմաց ակնկալելով ստանալ բաց սահմաններ,-ձևակերպեց նա:- Հայ-թուրքական պատմական հանձնաժողովի կետով Ցեղասպանության հարցը հանվում է ԱՄՆ-ի նախագահի և կոնգրեսի, ինչպես նաև միջազգային այլ կառույցների օրակարգից»:
Մեջբերելով ՀԱԿ-ի հայտարարությունները` նա նշեց, որ այս գործարքն անընդունելի է բարոյական տեսանկյունից և հետևանք է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վարչախմբի կողմից Հայաստանում քրեաօլիգարխիկ և կոռումպացված համակարգի ստեղծման, ինչպես նաև այն ճակատագրական որոշման, երբ Ցեղասպանության հարցը Ռոբերտ Քոչարյանի կողմից մտցվեց արտաքին քաղաքական օրակարգ և դարձավ քաղաքական շահարկման առարկա:
«Ամբողջ ողբերգությունն այն է, որ Թուրքիան արդեն ստացել է այն, ինչին ձգտում էր,- ասաց Լ. Զուրաբյանը,- այսինքն, Ցեղասպանության հարցի դուրսբերմանը, մինչդեռ Հայաստանի ստանալիքը կախված է արձանագրությունների վավերացումից»:
Եվ ավելացրեց, որ անբարոյականությունը գործարքի մի կողմն է միայն: Եթե Թուրքիան հայտարարում է, որ ինքը պատրաստ է վավերացնելու համաձայնագիրը միայն այն ժամանակ, երբ հայկական զորամիավորումները դուրս կբերվեն Ղարաբաղից, ուստի այս գործարքում Հայաստանը մնում է ձեռնունայն: Բանախոսն այս գործընթացի դեմ միակ հնարավոր տարբերակը տեսնում է Սերժ Սարգսյանի վարչախմբի հրաժարականի մեջ և բացատրում.
«Սերժ Սարգսյանը, կորցնելով լեգետիմությունը, արդեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում, հետդարձի ճանապարհ չունի»:
Ըստ նրա, այսօր Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման միակ աղբյուրը միջազգային հանրության աջակցությունն է, ինչն էլ նա ունի:
Անդրադառնալով նախագահի` Թուրքիա կատարելիք այցին, ՀԱԿ ներկայացուցիչը նշեց.
«Ես վստահ եմ, որ ամենամեծ պատիվներով կդիմավորեն Սերժ Սարգսյանին, քանի որ որևէ հայ ղեկավար երբեք այսքան մեծ նվեր չէր տվել Թուրքիայի պետությանը»,- ավելացրեց նա:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` ասաց, որ լինելու է միայն ցուցադրություն` թե Հայաստանը և Թուրքիան գնում են դեպի խաղաղություն, այնինչ
Հայաստանը ներքաշվել է խաղի մեջ: Միաժամանակ ՀԱԿ-ը կանխատեսում է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստանը մտնելու է ճգնաժամի մեջ: Այս ամենը, ըստ ՀԱԿ համակարգողի, ստեղծելու է բավականին ծանր իրավիճակ Հայաստանում, որոնք ունենալու են լուրջ հետևանքներ և դիմադրություն, որի կրողը միացյալ ընդդիմությունն է` ի դեմս ՀԱԿ-ի:
Անդրադառնալով ՀՅԴ-ին` նա նշեց, որ իշխանությունները մի հրեշավոր սցենար են նախատեսել` ստեղծելով կեղծ ընդդիմություն, որը ուղղորդում է ժողովրդի ընդդիմության ալիքը վարչակազմի համար անվնաս մի ուղղությամբ:
«Մենք տեսանք, որ այդ կեղծ, ես կասեի` թատերական ակցիաները կատարվում են իշխանության օժանդակությամբ և խրախուսանքով,- ասաց նա:-Այն ուժերը, որոնք ստանձնել են իշխանության դիմադրության դերակատարների դերը, երկու ճանապարհ ունեն. կամ նրանք շարունակելու են լինել իշխանության կողմից գծված սցենարի դերակատար, և այս դեպքում շատ արագ կբացահայտվի նրանց կամակատարի դերը, կամ սկսելու են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը և մտնելու են ռեալ պայքարի ճանապարհ, ինչը մենք ողջունելու ենք, և միանալու են մեր այս պայքարին»:
Կարինե Պետրոսյան












