Ալիևը հավատում է, որ Անկարան չի դավաճանի իրենց
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրմանը:
Նա ասել է, որ Ադրբեջանն այլ երկրների հարաբերություններին չի միջամտում: Եվ չի ցանկանում, որ միջամտեն իրենց ներքին գործերին: Սակայն միաժամանակ հիշեցրել է, որ հայ-թուրքական սահմանը մինչ օրս փակ է Քելբաջարի երկրամասից հայկական զորամիավորումները դուրս չբերելու պատճառով և հույս հայտնել, թե Թուրքիան այս հարցում իրենց չի հիասթափեցնի: Ալիևը վստահեցրել է, որ պաշտոնական Անկարան իրեն հավատացրել է, որ քանի դեռ Ղարաբաղյան հարցը չի լուծված, Թուրքիայի մեջլիսը չի վավերացնի արձանագրությունները, և սահմանը չի բացվի, հակառակ դեպքում ադրբեջանցիները մեծ հիասթափություն կապրեն: Նա հավատացած է, որ Թուրքիան չի դրժի իր խոստումը:
Տեղեկացնենք նաև, որ երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր ելույթներից մեկում հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածությունը չի փոխվել:












