ՀՀ Նախագահ. «ՀՀ-ն հաստատակամ է առաջ շարժվելու Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմամբ»
Նախօրեին, երեկոյան Նախագահ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը ֆուտբոլային խաղի ավարտից անմիջապես հետո վերադարձել է Երևան:
Ներկայացնելով Ս. Սարգսյանի Թուրքիա կատարած աշխատանքային այցի վերաբերյալ տվյալներ, մամլո գրասենյակից հաղորդում են, որ Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով հոկտեմբերի 14-ի երեկոյան ժամանել է Բուրսա` դիտելու Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը:
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխարտգործնախարարներ Արման Կիրակոսյանը և Շավարշ Քոչարյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ու արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան այլ պետական ծառայողներ: Երկրի ղեկավարին ուղեկցել են նաև մի քանի տասնյակ հայ լրագրողներ:
Սա Նախագահ Սերժ Սարգսյանի առաջին այցն է Թուրքիա, իսկ ընդհանրապես, անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության Նախագահի մակարդակով չորրորդ այցելությունն այդ երկիր:
Բուրսայի օդանավակայանում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Բուրսայի նահանգապետը, պաշտոնատար այլ անձինք:
Օդանավակայանից ՀՀ Նախագահը ուղևորվել է «Հոլիդեյ ինն» հյուրանոց, որտեղ հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ` քաջալերել նրանց հանդիպումից առաջ:
Այնուհետև Նախագահն ու նրա գլխավորած պատվիրակությունը ժամանել են Բուրսայի «Ալմիրա» հյուրանոց, որտեղ նրանց դիմավորել է Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլը: Տեղի է ունեցել երկու երկրների ղեկավարների առանձնազրույցն, ապա` ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:
Երկու երկրների ղեկավարները համակարծիք են եղել, որ այս հանդիպումը և «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակում փոխադարձ այցելությունները վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված կարևոր քայլ են:
Նախագահ Սարգսյանը շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է` առաջ շարժվելու Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Հանդիպումից հետո ՀՀ Նախագահի պատվին Թուրքիայի Նախագահի անունից տրվել է ճաշ և կազմակերպվել ընդունելություն, որից հետո Հայաստանի և Թուրքիայի նախագահները ներկա են գտնվել Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին:
Նախագահի մամլո գրասենյակ












