Ադրբեջանի հերթական փչոցին
Արդեն տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 13-ին Արբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դիմելով իսլամական երկրների մշակույթի նախարարներին, կոչ է արել միանալ` մասնակցելու Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքներում իսլամական մշակույթի կոթողների «պահպանմանն ու վերականգնմանը»: Կոչն արձագանք է գտել շատ իսլամական երկրներում: Ավելին` Օմանի մշակույթի նախարարը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի «օկուպացրած» տարածքներում մշակույթի հուշարձանների ոչնչացումն իսլամական երկրների մշակույթի նախարարների 6-րդ կոնֆերանսի օրակարգի գլխավոր թեմաներից մեկն է»:
Նախ ասենք, որ ազատագրված տարածքներում, որոնք ադրբեջանական կեղծ քարոզչությունը ներկայացնում է որպես «գրավյալ տարածքներ», առհասարակ չկան մուսուլմանական հուշարձաններ: Այդպիսիք կան Արցախի այլ շրջաններում: Սակայն եղածն էլ ոչ թե ադրբեջանական է, այլ պարսկական կամ արաբական: Աշխարհին է հայտնի, որ Ադրբեջան պետությունն ու ադրբեջանցի ասվածը ստեղծվել են ընդամենը 20-րդ դարասկզբին: Ուրեմն, սրանք ո՞նց կարող էին դրանից առաջ մշակույթ ունենալ:
Armar.am-ի խնդրանքով, ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Բալայանն Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարությունը, նախ գնահատեց որպես անհիմն ու մտացածին, ապա հավելեց. «Կան բազմաթիվ վկայություններ այն մասին, թե ինչպես են Արցախի իշխանությունները պահպանում եղած կոթողները: Ի տարբերություն Ադրբեջանի` Արցախը սեփական միջոցներով վերականգնել է Շուշիի մզկիթը»:
Հիշեցնենք, որ 2009 թվականի հուլիսին հայ-ադրբեջանական «ժողովրդական դիվանագիտության» շրջանակներում մի շարք ադրբեջանցի պատգամավորներ և մշակույթի գործիչներ եկել էին Արցախ և իրենց աչքերով տեսել ադրբեջանական հուշարձանների բարվոք վիճակը, որոնց մի մասը, ինչպես նշեցինք, ԼՂՀ կողմից վերականգնվում է:
Ա.Ա.












