Փորձագետը քննադատում է Ադրբեջանի տնտեսական քաղաքականությունը
Ադրբեջանի տնտեսական հետազոտությունների միավորման ղեկավար Գուբադ Իբադօղլուն քննադատում է երկրի նավթային քաղաքականությունը` բերելով հետևյալ փաստարկները:
Առաջին. Ադրբեջանից արտահանվող ապրանքների ընդհանուր ծավալում նավթի ու նավթամթերքի մասնաբաժինը, ըստ վիճակագրական տվյալների, կազմում է 92%: Դա նշանակում է, որ Ադրբեջանի տնտեսության ոչ նավթային ոլորտը չի զարգանում, իսկ երկրի տնտեսական կայունությունը մեծապես կախված է նավթի համաշխարհային գնի տատանումներից, ինչը ակնառու դարձավ հատկապես ֆիանանսական ճգնաժամի ժամանակ:
Երկրորդ. Ադրբեջանի համախառն ներքին արդյունքի ավելացման տեմպը վերջին տարիներին կտրուկ (մոտ 10 անգամ) նվազել է` 2009թ. հասնելով 3.6%-ի: Ուշագրավ է, որ ՀՆԱ-ի նվազագույն արդյունք գրանցվել է այն տարում, երբ Ադրբեջանում արտադրվել է վերջին տարիների ընթացքում առավելագույն քանակությամբ նավթ: Եվ եթե 2009թ. ցուցանիշը կարելի է բացատրել համաշխարհային տնտեսական ճգնաժամով, ապա նախորդ տարիներին ՀՆԱ-ի աճի տեմպի նվազումն ունի համակարգային պատճառ:
Երրորդ. վերջին 5-6 տարիներին նվազել են օտարերկրյա ներդրումներն Ադրբեջանի տնտեսության մեջ, ինչը բնական է, քանի որ նավթային ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներն ավարտվում են: Բայց վատն այն է, որ ներդրումներն օգտագործվել են անարդյունավետ, ինչի պատճառը երկրում հաստատված մենատիրությունն է, սղաճի բարձր ցուցանիշը և կոռուպցիան, որոնք թույլ չտվեցին, որ զարգանա գործարարությունը: Պետությունը ֆինանսավորեց խիստ ծախսատար շինարարական նախագծեր, որոնք, ըստ Իբադօղլուի, երկրին պետք չէին: Այս ամենի հետևանքով Ադրբեջանում տնտեսական բարեփոխումների փոխարեն ստեղծվեց դրանց երևութականություն:
Չորրորդ. Ադրբեջանի տնտեսության ոչ նավթային ոլորտը լճացած է: Ամենավատը գյուղատնտեսության ու վերամշակող արդյունաբերության վիճակն է: Աշխատատեղեր ստեղծելու առումով ներդրումների 97%-ը ծախսվում է անարդյունավետ: Նավթամուղերի կառուցումն ավարտվել է, ինչի հետևանքով կրճատվել է 2500 մասնագիտություն, ավելացել է գործազրկությունը: Նոր աշխատատեղերը հիմնականում ժամանակավոր բնույթ են կրում, իսկ իշխանության կողմից թմբկահարվող 100 հազար աշխատատեղերը ստեղծվել են քաղաքական իրադարձությունների առթիվ և տնտեսապես հիմնավորված չեն:
Հինգերորդ. օտարերկրյա բազմամիլիարդ ներդրումների հետևանքով ուժեղացել է հասարակության սոցիալական բևեռացումը, թշնամանքը հարուստների ու աղքատների միջև, քանի որ նավթային փողերը բաշխվում են մի խումբ մարդկանց միջև: Վերջիններս նավթային եկամտի մի մասն ուղղել են ժողովրդի ունեցվածքի ապօրինի սեփականաշնորհմանը, ոստիկանական ապարատի և քրեական կառույցների ֆինանսավորմանը:
Վեցերորդ. մինչև վերջերս Ադրբեջանն իր արժույթի պաշարը պահում էր արևմտյան բանկերում, իսկ երկրի տնտեսությունը վարկավորելու համար տոկոսով պարտք էր վերցնում օտարերկրյա բանկերից:
2009թ. առաջին կիսամյակում Ադրբեջանի արտահանման 89%-ը կազմել են հում նավթն ու նավթամթերքը: Ընդ որում, արտահանվել է յոթուկես միլիարդ դոլարի նավթ և ընդամենը կես միլիարդ դոլարի նավթամթերք: Սա վկայում է, որ Ադրբեջանի տնտեսությունը մեծապես կախված է «նավթային ասեղից»:












