Ինը քայլ` նախքան արձանագրությունների վավերացումը
Ինը քայլ` նախքան արձանագրությունների վավերացումը
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների «կարգավորման» առաջին իսկ փորձըՙ Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած արձանագրությունների ստորագրման արարողությունը, ձախողման եզրին հայտնվեց, երբ երկու երկրների արտգործնախարարները առարկեցին արարողությունից հետո հնչեցվելիք հայտարարությունների տեքստերի բովանդակությանը:
Քանի որ երկու կողմերն էլ իրավունք ունեին նախօրոք ծանոթանալու մյուսի ելույթին, Հայաստանի արտգործնախարարը բողոքեց, որ թուրքական կողմը ծրագրել է խոսել Արցախի եւ պատմական հանձնախմբի վերաբերյալ անընդունելի հարցերի շուրջը: Իր հերթին Թուրքիայի արտգործնախարարը բողոքեց, որ հայկական կողմը փորձում է հաստատել, որ հարաբերությունների կարգավորումը երկու երկրների միջեւ հիմնված չէր «առանց որեւէ նախապայմանների» սկզբունքի վրա:
Երեք ժամ տեւած լարվածությունից հետո Մ. Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին հաջողվեց ստիպել, որ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեն արձանագրություններն առանց դրանից հետո իրենց եզրափակիչ հայտարարությունները հնչեցնելու:
Հակառակ հայկական զգացմունքների զանգվածային արտահայտություններին, որոնք Հայաստանի ղեկավարությանը մեղադրում էին անընդունելի զիջումների գնալու մեջ, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ցյուրիխում ստորագրեց արձանագրությունները:
Ստորագրված այս արձանագրություններն այժմ պետք է ներկայացվեն Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարաններինՙ վավերացման համար: Նախքան այդ վերջնական փուլը հայկական կողմը պետք է մտածի հետեւյալ ինը քայլերը կատարելու մասին, որպեսզի հնարավորինս նվազեցնի արձանագրությունների պատճառած վնասը հայկական շահերին:
1) Ոչ կառավարական, հասարակական մի կազմակերպություն կամ ընդդիմադիր քաղաքական մի կուսակցություն պետք է դատական գործ հարուցիՙ վիճարկելով արձանագրությունները սահմանադրական դրույթներին համապատասխան լինելու հարցը: Սա անկախ այն իրավական պահանջից, որ Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացներ, թե արդյոք կոնկրետ որեւէ միջազգային պայմանագիր համապատասխանո՞ւմ է Հայաստանի սահմանադրությանը, թե՞ ոչ:
2) Նախքան արձանագրություններին անդրադառնալը Հայաստանի խորհրդարանը պետք է սպասի, մինչեւ առաջինը Թուրքիայի խորհրդարանը վավերացնի դրանք:
3) Եթե Թուրքիայի խորհրդարանը «ողջամիտ ժամկետում» չվավերացնի արձանագրությունները, ապա Հայաստանի կառավարությունը դրանք պետք է չեղյալ հայտարարի:
4) Հայաստանի խորհրդարանը չպետք է վավերացնի արձանագրությունները, եթե թուրքական խորհրդարանը վավերացման ժամանակ որեւէ վերապահում կամ պայման ավելացնի դրանց:
5) Հայաստանի կառավարությունը պետք է արձանագրությունները խորհրդարանական քննարկման չներկայացնի, եթե թուրքական խորհրդարանը դրանց վավերացումը կապի այլ խնդիրների, օրինակՙ Արցախի բանակցությունների կամ Հայոց ցեղասպանության հարցի հետ:
6) Հայաստանի խորհրդարանը պետք է արձանագրություններին ավելացնի մի պայման, որ արձանագրությունները չեղյալ կհամարվեն, եթե վավերացումից հետո Թուրքիան նախատեսված 60 օրվա ընթացքում չբացի Հայաստանի հետ սահմանը, կամ բացելուց հետո դարձյալ փակի այն ինչ-որ պատրվակով: Ի դեպ, նախագահ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց նման մի կետ ավելացնելուՙ Լոս Անջելեսում հոկտեմբերի 4-ին կայացած հանդիպման ժամանակ հնչած իմ առաջարկին ի պատասխան:
7) Նախքան արձանագրությունների վավերացումը Հայաստանի խորհրդարանը պետք է օրենք ընդունի, որ անօրինական է համարվում որեւէ կառավարական կառույցի կամ իրավական գործակալության մասնակցությունը Հայոց ցեղասպանությունը հարցականի տակ դնող որեւէ միջոցառման: Նման օրենքը կհակակշռի թուրք ղեկավարների եւ այլոց կատարած հայտարարություններն այն մասին, որ արձանագրություններում նշված պատմական ենթահանձնախումբը վերանայելու է Հայոց ցեղասպանության փաստը:
8) Հայաստանի խորհրդարանը անօրինական պետք է ճանաչի որեւէ հայ պաշտոնյայի կողմից Արցախի վերաբերյալ տարածքային զիջումների շուրջը բանակցելը, հավանություն տալը կամ փաստաթղթի ստորագրումը: Նման քայլը մեկընդմիշտ կփակի նախքան վավերացումըՙ Արցախի վերաբերյալ զիջումների գնալու թուրքական պահանջների դուռը:
9) Հայաստանի խորհրդարանը պետք է չեղյալ հայտարարի ճնշումների տակ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ստորագրած Կարսի պայմանագիրը: Կարսի պայմանագրի չեղյալ համարելը ինքնաբերաբար չեղյալ կհամարի նաեւ արձանագրություններում նշված միջազգային համապատասխան պայմանագրերը հարգելու դրույթը, որով հայ-թուրքական ներկա սահմաններն են ուրվագծվում, եւ այդ դեպքում հետագայում Թուրքիային հողային պահանջներ ներկայացնելու խնդիրը չի արգելափակվի:
Անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանությունները կատարեն վերոնշյալ քայլերը, որովհետեւ սոսկ բանավոր պաշտպանական բացատրություններ տալը չի վերացնում արձանագրությունների վնասակար հետեւանքները:
Քանի որ Հայաստանի ղեկավարները չեն ցանկանում կամ չեն կարողանում բանակցել եւ փոփոխության ենթարկել այս արձանագրություններըՙ միջազգային ճնշումների հետեւանքով, ինչպես Ցյուրիխի ներկայացումը ցույց տվեց, ապա նվազագույնը, որ կարող են անել, միջոցներ ձեռնարկելն է, որպեսզի նվազագույնի հասցնեն Հայաստանի ազգային շահերին սպառնացող վտանգը:
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ












