Գյուլը սկսել է ասացվածքներով խոսել
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ֆրանսիական «L’Express» ամսագրին տված հարցազրույցում, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, հայտարարել է, թե այդ առումով արձանագրությունների ստորագրումը առաջին քայլն էր, իսկ հետո` «Աստծո կամոք ամեն ինչ լավ կլինի»:
Նա տեղեկացրել է, որ այժմ Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է փաստաթղթերը ներկայացնել խորհրդարանի վավերացմանը: Ապա խոսքը համեմել ժողովրդական մի ասացվածքով, թե` «Բարի կամքը միշտ էլ լավ արդյունք է տալիս»:
Պատասխանելով լրագրողի հարցին` հերքել է այն պնդումները, թե այս գործընթացն արտաքին ուժերի ճնշման հետևանք է. «Ոչ մի արտաքին ճնշում չկա: Մենք մեր քաղաքականությամբ նպատակադրվել ենք այս տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատել և մեր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալ»:
Հարց է հնչել նաև Ղարաբաղյան խնդրի առնչությամբ. «Ղարաբաղյան խնդրում Թուրքիան (թերևս լրագրողը Թուրքիա ասելով` նկատի է ունեցել Ադրբեջանը-հեղ.) կգնա՞ զիջումների՞, թե՞ ոչ»: Գյուլը պատասխանել է. «Այս իրավիճակում զիջումներն անխուսափելի են, հակառակ դեպքում մենք երբեք խաղաղության չենք հասնի: Այս հարցն անհրաժեշտ է լուծել երկխոսությամբ: Կրկնում եմ` հորիզոններն անհրաժեշտ է ընդլայնել: Իսկ ինչու՞ չպետք է կարգավորվեն հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև»:
Անդրադառնալով 1915 թ. Հայոց Ցեղասպանության փաստին, Գյուլը հայտարարել է, որ արխիվներն ամբողջությամբ բացելով բարի կամք են ցուցաբերում, ապա խորհուրդ է տվել` սպասել պատմաբանների հանձնաժողովի աշխատանքների վերջնական արդյունքին:
Այլ կերպ ասած` Թուրքիան փորձում է տարածաշրջանում խաղաղության աղավնու դեր ստանձնել և «հաշտարարի» լոզունգի տակ լուծել սեփական խնդիրները:
Armar.am












