Գլխավոր » Լրահոս, Ջավախք

Շիրակ Թորոսյան.«Վրաստանում շարունակվում են ոտնահարվել ազգային փոքրամասնությունների իրավունքները»

Հոկտեմբեր 16, 2009թ. 13:00

Shirak TorosyanՋավախահայությունն այսօր ունի բազմաթիվ խնդիրներ`սահմանների, լեզվի, տնտեսական և անգամ կրոնական: Այս խնդիրների մասին է մեր  զրույցը «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ:

«Լոռեցի միամիտ գյուղացու, իր հողի վրա աշխատելիս  ձերբակալել և տարել են Թիֆլիս, պատճառաբանելով, թե  խախտել է սահմանը»

Հայ-վրացական սահմանը դեռևս հետխորհրդային տարիներից  սահմանազատման չի ենթարկվել: Դեռ գործում է խորհրդային տարիների սահմանը, որի շատ հատվածներ հստակեցման կարիք ունեն, և դրանք երբեմն վեճերի տեղիք են տալիս: Նման վեճեր վերջերս առաջացան Բավրայում և Մառնեուլի շրջանի հայկական գյուղերում: 1996 թվականից  գործում է «Հայ-վրացական սահմանազատման հանձնաժողովը»: Այն իր գործունեության ընթացքում ճշգրտել է հայ-վրացական սահմանի մեծ մասը: Մնացել է մի փոքր հատված, որը, կարծում եմ, հենց այդ հանձնաժողովի խնդիրն է և ոչ թե վրաց սահմանապահների: Օրինակ, Լոռու մարզում անտառաշերտը միշտ համարվել է սահման, և այն անընդհատ առաջ հրելով` Վրաստանը նոր տարածքներ է գրավել: Անհրաժեշտ էր, որ սահմանազատող հանձնաժողովն ավարտեր սահմանագծումը, ներկայացներ կառավարության հաստատմանը, ապա այն վավերացվեր երկու երկրների խորհրդարաններում, և վրաց սահմանապահների հետ ոչ մի հակասություն չէր առաջանա: Դա դիվանագիտական էթիկետի խախտում է: Ես կարծում եմ, որ այսօր պետք է ավելորդ կրքերը հանդարտեցնել և սպասել սահմանազատման հանձնաժողովի որոշումներին:

Այս պահին Բավրայի գյուղացիները կարողանում են իրենց հողատարածքները մշակել, և մնում է, որ սահմանազատման հանձնաժողովը լուծի հարցը: Կարծում եմ` վրացական կողմը փոքր-ինչ ագրեսիվ վարքագիծ է դրսևորել  Բավրայի հատվածում: Եթե այդ հողերի հանդեպ հայ գյուղացիները սեփականության իրավունք ունեն, եթե տասնամյակներ շարունակ իրենք են մշակել այդ հողերը, ինչպե՞ս հանկարծ պարզվեց, որ դրանք մերը չեն: Բայց բոլոր դեպքերում, եթե իրենք այդ հարցը վիճելի են համարում, ապա այն պետք է լուծվի փոխըմբռնման մթնոլորտում: Խոսքը 100 հա հողատարածքի մասին է: Վրաց սահմանապահները հայտարարել են, թե դա վրացական հող է և փորձել են արգելել հայ գյուղացիներին մշակել այն: Իսկ որպեսզի օրինական համարվի նրանց` այդ տարածքում գտնվելը, պահանջում են, որ անցնեն սահմանային անցակետերով, մուտքի-ելքի կնիքներով, այլապես, սպառնում են ձերբակալել ապօրինի սահմանազատման համար: Իսկ Լոռու հատվածում նույնիսկ եղան դեպքեր, երբ միամիտ գյուղացուն, իր հողի վրա աշխատելիս կամ անասուններին արածացնելիս,  ձերբակալել և տարել են Թիֆլիս, պատճառաբանելով, թե  խախտել է սահմանը: Եթե սահմանազատման խնդիրը չի լուծվել, ինչպե՞ս ես մարդուն ձերբակալում: Դա արդեն ձերբակալել չի նշանակում, այլ` մարդորսություն:

Վահագն Չախալյանի գործը քաղաքական դատավարություն է, Վրաստանի նպատակն է ազգային-հասարակական ակտիվություն ունեցող մարդկանց ցույց տալ, թե ինչ են ուզում գայլի դուրս ցցված աչքերը:

Առաջին ատյանի դատարանում նրան դատապարտեցին 10 տարվա ազատազրկման: Հանցանքը ձևակերպել էին այսպես. ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերման, պահպանման, մասսայական անկարգություններ կազմակերպելու համար: Իմ կարծիքով, հիմնավորված չեն մեղադրանքները, որովհետև զենք-զինամթերքը, որ հայտնաբերվել են Վահագնի տանից, դատական փորձագիտության չի ենթարկվել` մատնահետքեր և այլ փորձաքննության արդյունքներ չկան, որն ապացուցի, թե այն իսկապես պատկանում է  Վահագնին կամ նրա տան անդամներից որևէ մեկին: Իսկ պաշտպանական կողմի փորձագիտություն անցկացնելու  բազմաթիվ պահանջները դատարանը մերժեց: Նա բավարարվեց այն փաստով, որ զենքը գտնվել է Վահագն Չախալյանի բնակարանում, գիշերվա ժամը 4-ին, բայց ոչ ոք չգիտի` զենքը որտեղի՞ց է հայտնվել այնտեղ: Վճիռը բողոքարկվեց Վերաքննիչ դատարանում, հիմա ընթանում է այդ գործընթացը, իսկ դատը հերթական անգամ հետաձգվեց: Դատական նիստը հոկտեմբերի 18-ին է նշանակված: Այս անգամ երկարատև և համառ պայքարից հետո համաձայնվել են փորձաքննության ենթարկել զենքերը, բայց` պաշտպանական կողմի միջոցներով: Պատճառաբանել են, թե բենզին չունեն, որպեսզի Վահագնին Թիֆլիսից Ախալցխա տանեն: Նա Թիֆլիսի մեկուսարանում է գտնվում, իսկ դատն ընթանում է Ախալցխայում:  Անհարաժեշտ վկաները   չհարցաքննվեցին: Դատական գորընթացն ինքնին աղավաղվում է` վատ թարգմանության պատճառով` վրացերենից հայերեն և հակառակը:

Ֆրանսահայ փաստաբան Պատրիկ Արաբյանին մերժեցին փաստաբանական ծառայություն մատուցել, օրենքն էլ փոխեցին և արգելեցին արտասահմանցիներին Վրաստանում փաստաբանական գործունեություն իրականացնել: Դրանով կասեցրեցին միջազգային փաստաբանական միջամտությունը գործին: Վահագնի հայաստանյան փաստաբան Ստեփան Ոսկանյանը հաճախ դժվարությունների և արգելքների է հանդիպում` Վահագնի հետ շփումների կամ պաշտպանության խնդիրներում: «Երկիր Միության» տարածած հաղորդագրության համաձայն` Վահագնին միտումնավոր տարել են գաղութ, և նրա կյանքին վտանգ է սպառնում:

Ի դեպ, նրան մեղադրում են 2006 թվականի գործունեության համար` մասսայական անկարգությունների կազմակերպում: Իսկ ինչո՞ւ այն ժամանակ չդատապարտեցին, ինչպե՞ս եղավ, որ Վահագնը դրանից երեք տարի հետո կանգնեց դատարանի առջև: Կարծում եմ` սա քաղաքական դատավարություն է և նպատակն է ազգային-հասարակական ակտիվություն ունեցող մարդկանց ցույց տալ, թե ինչ են ուզում գայլի դուրս ցցված աչքերը:

«Թուրքերը, վրացիները նույն աշխատանքի դիմաց մի քանի անգամ ավել են վճարվում, իսկ հայերը` մի քանի անգամ պակաս»:

Ջավախահայության առաջ այսօր ծառացել են  բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկն էլ աշխատանքի և աշխատատեղերի խնդիրն է, և չնայած այստեղ  մեծ գործարաններ երբեք չեն եղել, իսկ տարածաշրջանի բնակչությունը միշտ զբաղվել է հողագործությամբ ու  անասնապահությամբ, սակայն այսօր Թուրքիայից ներմուծված էժան գյուղմթերքները շուկայից դուրս են մղել տեղական արտադրանքը: Ջավախքն էապես տուժեց, երբ ռուսական ռազմաբազան դուրս բերվեց այդտեղից: Վրացական իշխանությունները խոստացան ստեղծել համարժեք աշխատատեղեր և Ջավախքից գյուղմթերքներ գնել պետական կարիքների համար, բայց այս խոստումը չկատարվեց, և ջավախահայությունը հայտնվեց սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում: Ջավախահայությունն իր հիմնական եկամուտները ստանում է արտագնա աշխատանքից, որի հիմնական վայրը ՌԴ-ն էր: Սակայն այսօր վրաց-ռուսական հարաբերությունների սրման պայմաններում Ռուսաստանն արգելել է Վրաստանի քաղաքացիներին ազատ ելումուտը Ռուսաստան,  ինչը կրկին հարվածում է ջավախահայության սոցիալական վիճակին:

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը միակն է, որ իրականացնում է լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ, որտեղ, սակայն, աշխատում են թուրքերը, վրացիները, իսկ նույն աշխատանքի դիմաց հայերին վճարում են մի քանի անգամ պակաս:

Կրթության ոլորտում նույնպես խնդիրներ կան, դպրոցներում պարտադիր է վրացերենի ուսուցումը, սակայն մասնագետներ չկան: Դասագրքերի հարցն էլ բավականին  լուրջ է. տարիներ առաջ դրանք անվճար տրամադրում էր Հայաստանը, ինչն այսօր արգելվել է`  դասագրքերը տպագրվում են Վրաստանում և վաճառվում աշակերտներին բավական բարձր գներով: Էլ չեմ խոսում դրանց բովանդակության մասին, հատկապես պատմության դասագրքերի, որտեղ պատմական բազում անճշտություններ կան:

Այսօր   Ջավախքում անհրաժեշտություն է առաջացել ստեղծել հայ-վրացական ԲՈՒՀ, դա հնարավորություն կտա երիտասարդությանը կրթություն ստանալ տեղում, սակայն վրացական կառավարությունն առանց բացատրության մերժում է այս առաջարկը ևս:

Ես գտնում եմ, որ այս տարածաշրջանում հայերենը պետք է ընդունվի որպես երկրորդ պետական լեզու: Սա միջազգային ասպարեզում  ևս կիրառվող մոտեցում է. այն տարածքներում, որտեղ բնակչության մեծ մասը խոսում է այլ լեզվով, դա ընդունվում է որպես երկրի կամ տարածաշրջանի երկրորդ պետական լեզու:

Հայկական եկեղեցիների վրացականացման գործընթացը  շարունակվում է:

Վիրահայության մեծագույն  խնդիրներից մեկն էլ եկեղեցիներն են: Դեռևս խորհրդային տարիներից բռնագրավված եկեղեցիները մինչ օրս չեն վերադարձվել իրենց օրինական տերերին, և հայկական եկեղեցիների վրացականացման գործընթացը դեռևս շարունակվում է: Անհրաժեշտ է իրավական կարգավիճակ տալ Հայ Առաքելական եկեղեցուն:

Վրաստանը միջազգային հանրության առջև պարտավորություն ունի` հարգելու իր ազգային փոքրամասնությունների իրավունքները: Եվրախորհրդի ընդունած` «Ազգային փոքրամասնությունների շրջանակային կոնվենցիայում» նախատեսված է ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանություն: Վրաստանը միացել է այդ կոնվենցիային Եվրախորհուրդ մտնելու պահից, բայց ամեն օր Ջավախքում ոտնահարվում են հայ մարդու իրավունքները` ազգային, լեզվական, ինչո՞ւ չէ, նաև` կրոնական հալածանքների տեսքով:

Ջավախահայերն անջատողականներ չեն, նրանք անկախական տրամադրություններ չունեն, այդպիսի պահանջներով երբեք հանդես չեն գալիս: Սակայն վերջին շրջանում ձևավորվել է ինքնավարության պահանջը, ինչը բխում է ազգի ինքնորոշման բնական ձգտումներից: Վրացական իշխանությունները բազմիցս  հայտարարել են, որ Վրաստանը պետք է ունենա դաշնային կառուցվածք, որի մեջ պետք է դաշնային սուբյեկտի կարգավիճակ ունենան հայերը, աբխազները,  աջարները և այլն: Ջավախահայությունն էլ երբեմն խոսում է այդ մասին,  բայց վրաց իշխանությունը մեղադրում է ջավախահայությանը անջատողականության մեջ: Վերոնշյալ կոնվենցիայով վրացական իշխանությունները պարտավորվել են նաև չվարել այնպիսի քաղաքականություն ազգային փոքրամասնության նկատմամբ, որը միտված լինի տվյալ տարածքում ազգային փոքրամասնության ժողովրդագրական կազմի փոփոխությանը: Մինչդեռ իշխանությունները մի քանի ուղղություններով փորձում են Ջավախքի էթնոգրաֆիկ կազմը փոխել` թուրք մսխեթցիներին վերաբնակեցնելով, քրեակատարողական հիմնարկի կառուցման ծրագրով, որով նախատեսվում էր Ջավախքը վերածել ազատ աքսորավայրի, և տարածշրջանը լցնել հանցագործ տարրերով:

Որպեսզի Վրաստանն իրականացնի իր պարտավորությունները և հարգի հայության իրավունքը, առաջին հերթին պետք է, որ Հայաստանի իշխանություններն ակտիվ քաղաքականություն իրականացնեն այս հարցում` միջկառավարական և բարձր մակարդակի հանդիպումներում  առաջ քաշեն ջավախահայության խնդիրները և հետամուտ լինեն դրանց լուծմանը:

Կարինե Պետրոսյան


Դիտել Լրահոս, Ջավախք բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն