Թուրքիան կհայտնվի կործանման եզրին, եթե…
Որո՞նք են այսօրվա Թուրքիայի թույլ կողմերը, ի՞նչ հանգամանքներ կարող են բացասական անդրադարձ ունենալ այս երկրի վրա։ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան ունի հզոր բանակ, ունի բավականին զարգացած տնտեսություն, ունի մեծ տարածք, աշխարհագրական հրաշալի դիրք և աշխարհաքաղաքական առումով շատ կարևոր կետեր է իր ձեռքում պահում` Բոսֆորն ու Դարդանելը, Սև, Միջերկրական ու Էգեյան ծովերը և այլն, այն նաև այնպիսի խոցելի կողմեր ունի, որոնք ճակատագրական կարող են լինել այդ երկրի համար։
«Թուրքիայի ամենամեծ խնդիրը երկրի ներսում եղած թույլ կետերն են, որոնցից մեկը կապված է մի կողմից` քրդական հարցում նրա վարած քաղաքականության հետ, մյուս կողմից, որը ոչ պակաս կարևոր է, այն ճգնաժամի, որն այսօր առկա է Թուրքիայում` կապված է թուրքական ինքնության հետ։
Ի՞նչ է տեղի ունեցել։ Ժամանակին, երբ Աթաթուրքը ստեղծեց Թուրքիայի հանրապետությունը, նա փորձեց թուրքերից նոր ինքնություն ստեղծել, դրանով անջրպետ դնելով Օսմանյան կայսրության և Հանրապետական Թուրքիայի միջև, ասելով, թե` «նոր պետություն, նոր թուրք ենք ստեղծում»։ Այդ նոր պետության հիմքում երկու հիմնաքար էր դրվել: Մեկն այն էր, որ Թուրքիայում ապրող բոլոր մարդիկ թուրք են, երկրորդը, որ Թուրքիան աշխարհիկ պետություն է, այսինքն`այս երկրում իսլամը քաղաքական ուժ չէ։
Ներկայիս Թուրքիայում ստեղծված իրավիճակը կասկածի տակ է դնում այս երկու հիմնաքարարերի ամրությունը` իրատեսական մեծագույն վտանգ դառնալով Թուրքիայի համար»։
Ի՞նչ հիմքերի վրա են հիմնված այս փաստարկները։ Թուրքիայում կիսագաղտնի ձևով իրականացված հարցումները ցույց են տվել, որ բնակչության մոտ 40%-ն իրեն թուրք չի համարում։ Այն դեպքում, երբ Թուրքիայի Սահմանադրության մեջ ամրագրված է, որ Թուրքիայում ապրող բոլոր մարդիկ թուրք են։ «Եթե բնակչության կեսից մի քիչ պակասն իրեն թուրք չի համարում, դա արդեն կրախ է»,-ընդգծում է Ռ. Սաֆրաստյանը։
Հաջորդ խնդիրը կապված է իսլամի հետ։ Փաստորեն, կառավարող կուսակցությունը կարողանում է իսլամն աստիճանաբար դարձնել քաղաքական գործոն, ինչը Աթաթուրքի` Թուրքիայի հանրապետության հիմնասյուներից մեկի, դեմ է։
«Եթե այդ երկու գործընթացները նույն կերպ շարունակվեն, Թուրքիան կկանգնի կործանման եզրին»,-շեշտում է պարոն Սաֆրաստյանը։
Թուրքիայի համար այսօր կարևոր գործոն է նաև քրդական խնդիրը, որը առաջին անգամ փորձ է արվում լուծել ոչ ռազմական ճանապարհով։ Մինչ այժմ Թուրքիան նմանատիպ խնդիրները լուծելու ճանապարհին միշտ հենվել է ուժի գործոնի վրա։ Հիմա արդեն փորձեր են արվում դրանք լուծել քաղաքական ճանապահով։ Կհաջողվի՞ դա նրանց, խիստ կասկածելի է, քանի որ թուրքական քաղաքականությունը հիմնված է բիրտ ուժի վրա, և եթե, այնուամենայնիվ, թուրքերը հրաժարվեն դրանից, արդյո՞ք կկարողանան պետության գոյությունը քաղաքական մեթոդներով պահել ։ Խոսքն այստեղ, անշուշտ, Թուրքիայի` որպես միասնական պետություն, գոյության մասին է։
Գոհար Փիլթոյան












