Գլխավոր » Լրահոս

Դավիթ Շահնազարյան. « Թուրքիային պետք է այդ հանձնաժողովը` Ցեղասպանության խնդիրը հարցականի տակ դնելու կամ հերքելու համար»:

Հոկտեմբեր 16, 2009թ. 14:18

«Ես մեծ կասկածներ ունեմ, որ այս Արձանագրությունները կյանքի են կոչվելու»,- այսօր   հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ապա հավելել. «Հայաստանի իշխանությունների դիրքորոշումներն ու տեսակետերը սկսել են էապես փոխվել, որովհետև վերջին շաբաթներում արդեն իրենք էլ են ասում,  որ շատ բարդ է, և կարող են լուրջ խնդիրներ լինել»:

ՀԱԿ-ի ներկայացուցչի  կարծիքով` առկա է երկու լուրջ խնդիր. առաջին` պատմական ենթահանձնաժողովի առկայությունը. «Իմ համոզմամբ` սա մի ինստիտուտ է, որն իր գոյությամբ շատ լուրջ վտանգ է ներկայացնում հենց հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար: Թուրքիան արդեն խոսում է այն մասին, որ իրենց պետք է այդ հանձնաժողովը` Ցեղասպանության խնդիրն առնվազն հարցականի տակ դնելու համար, իսկ եթե հաջողվի` ընդհանրապես այն հերքելու համար»:

Նա նշել է, որ կողմերն այդ հանձնաժողովում կհայտնվեն անհավասար պայմաններում և հիշեցրել է Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը. «Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նրանց համար, ովքեր կփորձեն ակնարկել նույնիսկ, որ այն, ինչ կատարվել է, եղել է Ցեղասպանություն»:

Այսինքն,  Թուրքիայի օրենսդրությամբ, հանձնաժողովի թուրք ներկայացուցիչները սահմանափակված են նման քննարկումներ անցկացնելու համար:

Շահնազարյանն առաջարկում է. Հայաստանի Ազգային Ժողովը, նախքան Արձանագրությունների ստորագրումը, պետք է օրենք ընդունի, որը Հայաստանի որևէ պաշտոնյայի կարգելի մասնակցել Հայոց Ցեղասպանությունը հարցականի տակ դնող քննարկումներին:

«Այսպիսով, ինչ-որ չափով իրավիճակն այդ ենթահանձնաժողովներում կհավասարվի, և օրենսդրորեն արդեն անհնարին կդառնա այդ հարցի քննարկումը»:

Երկրորդ կարևոր  հարցը Շահնազարյանը համարում է այն, որ   Արձանագրությունների վավերացումն անմիջական կապ ունի Ղարաբաղյան հակամարտությունում էական փոփոխությունների հետ:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն