Գլխավոր » Լրահոս

Արտակ Շաքարյան. «Եռագույնի կտորները գնվել են Ղարսից և ծածանվել Աթաթուրքի անունը կրող մարզադաշտում

Հոկտեմբեր 16, 2009թ. 15:26

ShakaryanԹուրքագետ Արտակ Շաքարյանը «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց Թուրքիա կատարած այցելությունից ստացած տպավորությունները:

Նշենք, որ Արտակ Շաքարյանը Թուրքիա էր մեկնել հայ 15 լրագրողների կազմում, ովքեր պետք է լուսաբանեին Բուրսա քաղաքում ընթացող Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը և արդեն իսկ մեկամյա ֆուտբլային դիվանագիտության արդյունքները:

Հայ լրագրողների խմբակային այցը Թուրքիա կազմակերպել էր «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը, որի նպատակը հայ և թուրք լրագրողների միջև երկխոսության և համագործակցության ստեղծումն էր: Հիմնադրամը նպատակ է ունեցել ներկայացնել լրագրողների աշխատանքի ընդհանրությունները և լուսաբանելու յուրահատկությունները:

Արտակ Շաքարյանի հավաստմամբ, նախաձեռնության նպատակը հետագայում միասնական լրատվամիջոցի ստեղծումն է, որտեղ հայկական և թուրքական լրատվությունը կտեղադրվի համապատասխանաբար երկու լեզուներով և երկու հասարակություններին միմյանց ներքին կյանքին առաջին ձեռքից ծանոթանալու

հնարավորություն կտա: Համագործակցության արդյունքում հայ և թուրք լրագրողները վերջապես կկարողանան տեղեկություն ստանալ ոչ թե ռուսական կամ ադրբեջանական լրատվամիջոցների միջնորդության արդյունքում, այլ հենց աղբյուրից:

Թուրքիայի Բուրսա քաղաքում Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին հետևել են համապատասխանաբար 15 թուրք լրագրողներ` առաջատար լրատվամիջոցներից: Հայկական կողմի լրագրողների թվում են եղել Պետրոս Ղազարյանը, Արտակ Շաքարյանը, Հակոբ Չաքրյանը, Յուրի Մանվելյանը, Բորիս Նավասարդյանը և այլք,  նրանց թվում` նաև մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հարկ է նշել նաև, որ ֆուտբոլային խաղի ժամանակ տրիբունայում երևացող Հայաստանի եռագույնը մարզադաշտ է տարվել հենց հայ լրագրողների կողմից, որը կարել են չորրորդ իշխանության ներկայացուցիչները: Հատկանշական է, որ եռագույնի կտորները գնվել են Ղարսից և ծածանվել Աթաթուրքի անունը կրող մարզադաշտում:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության դրոշի հետ կապված խոսակցություններին` Թուրքիայից վերադարձած լրագրողները հավաստեցին, որ թուրք լրագրողներն ամեն կերպ սաստել են թուրք ծայրահեղականներին, ովքեր փորձել են խոչընդոտել մեր դրոշի ծածանմանը:

«Հայ և թուրք լրագրողների միջև համագործակցությունը շարունակվելու է անգամ ֆուտբոլային դիվանագիտության ավարտից հետո: Նոյեմբերի վերջին թվով 15 թուրք լրագողներ 3-4 օրով կլինեն Հայաստանում, կմասնակցեն ասուլիսների, հանդիպումների և հարցազրույցների»,- ասաց Արտակ Շաքարյանը:

Իսկ Պետրոս Ղազարյանը կատակով հավելեց, որ ֆուտբոլային դիվանագիտությունն ավարտվեց, և հերթը հասել է շախմատային դիվանագիտության հաստատմանը:

Արմենուհի Կարեյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն