Լարիսա Ալավերդյան.«Արձանագրությունները հակասահմանադրական են»
Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հետ
-Տիկին Ալավերդյան, Ձեր կարծիքով, հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու խնդրում Թուրքիայի խորհրդարանի վերջնական դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի, գործընթացը կձգձգվի՞, թե՞…
-Ես կարծում եմ, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացնելու է արձանագրությունները, ձգձգումով, թե` ոչ, ցույց կտա ժամանակը։
–Իսկ Հայաստանի՞ խորհրդարանը։
-Հայկական կողմը պետք է շատ լուրջ մտածի դրանց վավերացման շուրջ, քանի որ այդ արձանագրությունները, իրենց էությամբ, հակասահմանադրական են և հակասում են իրենց ուժը դեռևս չկորցրած ՀՀ տարածքներին վերաբերող միջազգային այլ պայմանագրերին։ Ուստի, կարծում եմ, որ եթե ՀՀ խորհրդարանի կողմից փաստաթղթերը վավերացվեն, ըստ էության, դա անօրինական ակտ կլինի։
–Հակասահմանադրական ասելով` ի՞նչ նկատի ունեք։
– Այն, որ ՀՀ Սահմանադրությունում կան կետեր, որոնք հակասության մեջ են արձանագրության մի շարք կետերի հետ։ Խոսքը, մասնավորապես, այն դրույթների մասին է, որոնք վերաբերում են թե Ցեղասպանության փաստն «ապացուցելու» համար ենթահանձնաժողով ստեղծելուն, թե այն ձևակերպումներին, որոնք պարտադրանք են իրենց մեջ պարունակում և հակասում են ինքնիշխանության ու անկախության մասին դրույթներին։
–Դուք ասում եք, որ Թուրքիան կվավերացնի փաստաթղթերը, սակայն Ղարաբաղյան խնդրի հետ կապված նրանց բարձրացրած աղմուկը, թե` չեն վավերացնի, քանի դեռ, այսպես կոչված, «օկուպացված տարածքները» չեն հանձնվել Ադրբեջանին, հակառակի մասին չի՞ խոսում։ Ինչի՞ համար է այդ ամենը, Թուրքիային, այնուամենայնիվ, ձեռնտո՞ւ է փաստաթղթի վավերացումը։
-Հասկանալի է, որ այդ ամենը թուրքական և ադրբեջանական դիվանագիտության մի մասն է։ Դիվանագիտական այսպիսի գործընթացների ճանապարհին նման երևույթները շատ ներհատուկ են նրանց՝ թե քաղաքական, թե էթնոհոգեբանական առումով։ Այսինքն, դա վերին աստիճանի բնութագրական է նրանց համար։ Այդպիսի աղմուկը ֆոն է ստեղծում, որն ավելի շատ ուղղված է մեզ միամտացնելուն։
Հարցուփորձը՝ Գոհար Փիլթոյանի












