Գլխավոր » Լրահոս

Պետրոս Ղազարյան. «Ես թուրք լրագրողներին հասկացրեցի, որ Հայաստանը Ադրբեջանին ոչինչ չունի տալու»

Հոկտեմբեր 16, 2009թ. 17:00

«Եթե մի քանի տարի առաջ թուրք լրագրողները հեգնանքով էին խոսում Հայոց Ցեղասպանության մասին, ապա այսօր բացահայտ ասում են, որ եղել է Ցեղասպանություն: Չնայած նրանք զոհերի թիվը համարում են 200.000, բայց նաև հավելում են, որ կատարվածը կկորչվեր Ցեղասպանություն, եթե անգամ  զոհերի թիվը 30.000 լիներ»,- Թուրքիայում իր տեսածի ու լսածի մասին այսօր լրագրողներին պատմեց «Կենտրոն» հեռուստաընկերության  լրատվական բաժնի ղեկավար Պետրոս Ղազարյանը:

Պետրոս Ղազարյանի աչքից չի վրիպել նաև այն, որ թուրքերը բավական վախեցած են Սփյուռքից և այն կարծիքին են, որ եթե հայկական Սփյուռքը ցանկանա, Եվրոպայում և Ամերիկայում լուրջ փոփոխություններ տեղի կունենան:

«Շվեյցարիայի Հայկական Սփյուռքի նախագահը հայտարարել է, որ Հայաստանին զրկում է դրամական աջակցությունից: Այդ մասին Հայաստանում քչերը գիտեն, իսկ թուրքական բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են այդ հայտարարությանը: Ես նրանց բացատրեցի, որ մենք եղբայրներ ենք, և մեր հարաբերություններում դրամական կողմը չորրորդական է: Սակայն լավ կլիներ, որ սփյուռքահայերը հայտարարություն անելուց առաջ մի լավ մտածեին, քանի որ հայտարարությանը ծանոթանում են նաև թուրքերը»,- ասաց Պետրոս Ղազարյանը:

Նա հավատացած է, որ թուրքերը, հատկապես լրագրողները, շատ են ուզում լուծված տեսնել Հայաստանի և Թուրքիայի միջև առկա կնճռոտ խնդիրները: Անգամ թուրք լրագրողների կողմից մի այսպիսի միտք է առաջ քաշվել,  թե դրանք կհարթվեն, եթե Հայաստանը Արցախը տա Ադրբեջանին:

«Ես նրանց հասկացրեցի, որ Հայաստանը   Ադրբեջանին ոչինչ չունի տալու: Դա մի կտոր հողի խնդիր չէ, այլ ստրատեգիական խնդիր է: Իսկ եթե տարածքներ տրվեն, ապա տարածաշրջանում պատերազմի հավանականությունը կմեծանա: Նրանք վերջնականապես լռեցին, երբ հիշեցրեցի Ադրբեջանի սպառազինման մասին»,- հավելեց Պետրոս Ղազարյանը:

Ինչ վերաբերում է արձանագրություններով Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, ապա Պետրոս Ղազարյանն այն մտքին է, որ հնարավոր չէ մի բան զիջել, որն արդեն իսկ մերը չէ, և զիջել ենք 1920 թվականին: Իսկ արձանագրություններն անվանեց երկկողմանի փաստաթուղթ, որը միայն հարաբերությունների հաստատման նպատակ ունի և բոլորովին էլ Հայաստանի կամ Թուրքիայի կապիտուլյացիայի ակտը չէ:

Արմենուհի Կարեյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն