Գլխավոր » Լրահոս

Հակոբ Չաքրյան. «Նրանք ոչ այնքան երկրպագում էին իրենց թիմին, որքան ընդգծում էին հայերի հանդեպ թշնամանքը»

Հոկտեմբեր 16, 2009թ. 17:44

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամը կազմակերպել էր թվով 15 հայ լրագրողների այցելություն Թուրքիա` հնարավորություն տալով հայ լրագրողներին  լուսաբանելու ֆուտբոլային դիվանագիտության վերջին ակորդները:

Այցելության ժամանակ հայ լրագրողները շփվել են իրենց թուրք գործընկերների հետ, ծանոթացել հայ-թուրքական հարբերությունների մասին նրանց կարծիքներին,  հայ-թուրքական լրատվական կայք բացելու հարցում եկել ընդհանուր հայտարարի:

Այցելուների թվում է եղել նաև «Ազգ» օրաթերթի վերլուծաբան, թուրքագետ  Հակոբ Չաքրյանը: Նա լրագրողներին պատմեց, որ Գյուլի խորհրդականը մեղմում էր մթնոլորտը. «Նախարար Չերիքը, ով Էրդողանի մտերիմներից էր, ասել է, թե իրենք չեն կարող Ադրբեջանին կորցնել, գցել այն իրավիճակում, որում այժմ Հայաստանն է: Եթե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ են ստեղծվում, Ադրբեջանը մեկուսացվում է: Պետք է մեկ հարևանի հետ խնդիրներն այնպես լուծենք, որ դրանք չանդրադառնան մյուսի վրա»:

Հակոբ Չաքրյանը  պատմեց, թե ինչ մեկնաբանություն է տվել թուրք լրագրողներին, երբ վերջիններս խնդրել են կիսել ֆուտբոլային խաղի տպավորությունները.

«Խաղը լարված անցավ: Կարմիր քարտով խաղադաշտից հեռացված թուրք ֆուտբլիստին հերոսի պես էին ճանապարհում, ինչը պարզապես լկտիություն էր: Նրանք ոչ այնքան երկրպագում էին իրենց թիմին, որքան ընդգծում էին հայերի հանդեպ թշնամանքը: Քանի որ թուրքերի հաղթանակը ոչինչ չէր փոխում»:

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի գործընկերների մեջ է եղել նաև Թուրքիայի նախկին արտգործնախարարը: Հակոբ Չաքրյանը  հիշեցրեց, որ նա դեռևս 1990-ական թ.թ. վերջին «Գորշ գայլերի» թերթերից մեկում գրել էր, թե իրատեսական չէ այն, որ հայերը կհրաժարվեն Ցեղասպանության ճանաչման գաղափարից:

Չաքրյանը Թուրքիայում գտնված ժամանակ տպավորություն էր ստացել, թե հասարակ թուրք ժողովրդի համար միևնույնն է` կբացվի Հայաստան-Թուրքիա ներկայիս սահմանը, թե ոչ: Ժողովուրդն ունի իր առօրյա հոգսերը և այնպիսի հատվածում է բնակվում, ուր հայերի հետ շփումները շատ քիչ են:

Ի պատասխան ArmAr.am-ի լրագրողի հարցին, թուրքագետը շեշտեց, որ անհանգստանալու ոչինչ չկա, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ասել է` եթե թուրքական կողմից Ցեղասպանության կամ Արցախի հարց առաջ քաշվի, ապա հայկական կողմը միանգամից կհրաժարվի բանակցությունների հետագա ընթացքից և հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից:

Արմենուհի Կարեյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն