Թուրքիա-Իսրայել հարաբերությունները գնալով սրվում են
Թուրքիայի և Իսրայելի միջև ծագած ճգնաժամը օրեցօր խորանում է:
Պաշտոնական Անկարան ներկայումս ամեն կերպ փորձում է հանդես գալ պաղեստինցիների իրավապաշտպանի դերում:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր մեկ անգամ ևս իր երկրի անհանգստություն է արտահայտել Գազայի շրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ և քննադատության ենթարկել Թելավիվի որդեգրած քաղաքականությունը:
Թուրքական կողմի պնդմամբ, Իսրայելը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը: Դավութօղլուն ասել է. «Մենք ցանկանում ենք, որ Գազայի շրջանում վերջ դրվի մարդկային ողբերգությանը, շարունակվի հանուն խաղաղության բանակցային գործընթացը և տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»:
Փաստորեն, պաշտոնական Անկարան նպատակադրվել է ոչ միայն Հարավային Կովկասում խաղաղարարի դեր ստանձնել, այլև Մերձավոր Արևելքում:
Իսրայելի`տարածաշրջանային նախկին դաշնակից Թուրքիան, այսօր այդ երկրի հանդեպ հարաբերություններում հանդես է գալիս շատ ավելի կոշտ դիրքերից: Վերլուծաբանների դիտարկմամբ, դա նախ և առաջ պայմանավորված է այն փաստով, որ ներկայումս պաշտոնական Անկարան ձգտում է մեծացնել իր ազդեցությունը մահմեդական աշխարհում: Իսկ այդ նպատակին հասնելու ամենահեշտ տարբերակը, իհարկե, մահմեդական աշխարհի «թիվ մեկ թշնամուն»` Իսրայելին հակադրվելն է:
Իհարկե, հակաիսրայելական քաղաքականության հարցում Թուրքիան իր «ոտքերը» շատ երկար ձգել չի կարող, բնականաբար, վախենալով ամերիկյան հակազդեցությունից:
Ինչևէ, տեղեկացնենք, որ Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբի Լևին այսօր կանչվել է Թուրաքիայի արտգործնախարարություն: Հանդիպումը կայանալու է ուշ երեկոյան, իսկ մինչ այդ` թուրքական լրատվամիջոցները խոսում են միայն թուրք-իսրայելական ճգնաժամի մասին:
Քրիստինե Մելքոնյան












