Շվեյցարիան սատարելու է «պատմաբանների հանձնաժողովին»
Շվեյցարիան պատրաստ է շարունակել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ միջնորդական ջանքերը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է շվեյցարական արտգործնախարարության քաղաքական բաժնի ղեկավար, դեսպան Թոմաս Գրեմինգերը:
Դեսպանը նշել է, որ ներկայումս խնդիրը վերաբերում է երկու երկրների խորհրդարաններին, իսկ հետագայում չի բացառվում, որ Շվեյցարիան նորից միջնորդ կլինի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ:
Ի թիվս այլ աշխատանքների` Շվեյցարիան կարող է սատարել նաեւ ՙպատմաբանների հանձնաժողովին՚, որը պետք է ուսումնասիրի Առաջին համաշխարհայինի ժամանակ հայերի կոտորածների փաստը: Հայերի տեսանկյունից կոտորածը Ցեղասպանություն է, եւ 1915-1916 թվականների բռնագաղթի ժամանակ 1,5 միլիոն հայ է զոհվել: Իսկ թուրքերը, ըստ դիվանագետի, կարծում են, թե մահացածների թիվը 200000 է, եւ չեն ընդունում, որ կատարվածը ցեղասպանություն է եղել:
Արտգործնախարարության ցեղասպանության կանխարգելման հարցերով փորձագետ տիկին Բլիիքերը ընդգծել է, թե հանձնաժողովի անկախ լինելը երաշխավորված է լինելու: «Նպատակը ոչ թե պատմությունը նորից գրելն է, այլ պատմությունը միասին ընթերցելը»,- ասել է տիկին Բլիիքերը: Իսկ դեսպան Գրեմինգերը բացատրել է, թե առանց այսպիսի վերանայման` Ցեղասպանություն կատարողներին պատժելու ու զոհերին փոխհատուցելու գործը հակամարտությունների վերաբռնկման մեծ վտանգ է պարունակում:
Armar.am












