Արմեն Ռուստամյան.«Լինելու ենք ոչ թե ժողովրդի թիկունքում, այլ առաջին շարքերում»:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանրահավաքում ելույթ ունենալով նշել է, որ հոկտեմբերի 9-ի երթից հետո նոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում:
Եվ այսօր իրենց խնդիրն է այդ նոր իրավիճակում` պայքարի ալիքը վերածել համահայկականի:
Նա նկատեց, թե այսօր իշխանությունն ունի երկու ճանապարհ. առաջինն այն է, որ իշխանությունը սթափվի, կանգ առնի եւ դուրս գա այդ գործընթացից: Այս դեպքում ՀՅԴ-ն կկանգնի իշխանության թիկունքին:
«Իսկ եթե իրենք ընտրեցին մյուս ճանապարհը, եթե շարունակեցին խորանալ այդ գործընթացի մեջ, ապա իշխանությունը կամա, թե ակամա հայտնվելու է հակահայկական ծրագրեր սպասարկողի դերում: Եվ բնականաբար, մենք այդպիսի իշխանություններին հանդուրժել չենք կարող: Այդ դեպքում իրենք պետք է հեռանան, որպեսզի գա մի ուժ, որը կարող է այդ դիմակայությանը դիմադրել, թիկունքին ունենալով իր ժողովրդին», ասում է Արմեն Ռուստամյանը:
«Քո ուժը այստեղ է, ոչ թե դրսում: Քո ուժը քո ժողովրդի մեջ է: Եթե այդ ժողովրդի ուժը չես օգտագործում, չես մոբիլիզացնում, դու ձախողված ես, պարտված ես թե’ դրսում, թե’ ներսում: Եվ մենք պարտավոր ենք սա հասկացնել ժողովրդին»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, պետք է շատ հստակ սահմանել նպատակները, սկբունքները եւ միջոցները: «Մեր նպատակն այս պահին շատ հստակ ձեւակերպված է, այն է` տապալելն Հայաստան-Թուրքիա հարաբերություններն այս գնով կարգավորելու գործընթացը: «Մենք սրան պետք է հասնենք ամեն գնով: Այս ընթացքում կան խնդիրներ, որոնք մենք պետք է լուծենք: Մենք հայտարարել ենք, որ գնում ենք սահմանադրական, օրինական ճանապարհով: Մենք մեր ժողովրդին արկածախնդրության չենք տանելու, սադրանքների չենք տանելու, մեր ամեն մի քայլը լինելու է պատասխանատու եւ հաշվարկված: Եվ ուստի, մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները, որոնք թույլ է տալիս Սահմանադրությունը»:
Նա նշում է, որ վավերացման գործընթացում արձանագրությունների ընթացքը կանխելու առաջին քայլը Սահմանադրական դատարան դիմելն է: «Սահմանադրական դատարանը կարող է և պետք է ոչ սահմանադրական ճանաչի այս արձանագրությունները», հայտարարում է Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա, եթե դա տեղի չունեցավ, ապա պետք է աշխատել ամեն մի պատգամավորի հետ: «Մենք պետք է ամեն պատգամավորի դուռը թակենք եւ իրեն բացատրենք, որ սա պարզ քվեարկություն չէ, սա իր որդիների, իր երեխաների, իր հայրենիքի, իր ճակատագրի քվեարկությունն է», ասում է Արմեն Ռուստամյանը, նշելով, թե ով քվեարկի արձանագրությունների օգտին, կանիծվի ամբողջ ժողովրդի կողմից: «Չի կարելի այդպիսի ճակատագրական սխալ կատարել», ասում է Արմեն Ռուստամյանը:
Բայց, եթե, այդուհանդերձ վավերացվեն արձանագրությունները խորհրդարանում, ապա հաջորդ քայլը, ըստ Արմեն Ռուստամյանի, այդ արձանագրությունները համաձայն միջազգային օրենքների, չեղյալ հայտարարելն է: «Բայց ով կարող է անել այդ քայլը: Այս իշխանությունները չեն կարող, որովհետեւ իրենք դա արել են արդեն: Ուրեմն նոր իշխանություն պետք է ձեւավորվի, նոր Ազգային Ժողով, նոր նախագահ, նոր կառավարություն, որ նա կարողանա չեղյալ հայտարարել: Ուրեմն մեր քայլերը, շատ տրամաբանված են, շատ կշռադատված: Դրա համար, մեզ հաճախ ասում են՝ ինչու հրաժարական չեք պահանջում: Դա ամենահեշտ գործն է: Կան ուժեր, որոնք հրաժարական են պահանջել ու գնացել` մի կողմում նստել են, ասելով, թե թողնում են, որ մյուս ուժերն ակտիվանան: Դե լավ, բա որ ակտիվանում են, ինչու եք վատ զգում: Եթե ուզում եք, որ ակտիվանան, ակտիվացել ենք, ուրեմն պաշտպանեք: Չէ, իրենք վատ են զգում, չարությամբ են լցվում: Ի՞նչն է պատճառը, հարգելիներս: Իսկ գուցե դուք ուզում եք, որ դա տեղի ունենա: Դա տեղի ունենա, հետո գաք իշխանության, ասեք, դե մենք էլ փաստի առաջ ենք կանգնել, ի՞նչ պիտի անենք, արդեն կատարված փաստ է, պիտի շարունակենք: Ոչ: Դրանից հետո ով եկավ իշխանության, առաջին գործը պետք է լինի չեղյալ հայտարարել այս ամենը», ասում է Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա, նոր ընտրությունների դեպքում միայն այն ուժին պետք է ձայն տա ժողովուրդը, որը պարզ ու հստակ հայտարարի, որ գալիս է հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարելու:
«Թող մեզ չխանգարեն: Եթե ուզում են իսկապես սրա դեմն առնել, թող գան, մենք բազմիցս ենք ասել: Այստեղ բացի ազգային շահից, ուրիշ շահ չկա», -հայտարարում է Արմեն Ռուստամյանը:
«Հարգելիներս, եթե մենք այստեղ դնենք հրաժարականի հարց, ես ձեզ հավատացնում եմ, հաջորդ օրը, նույն այն հավաքի մեջ, որ առաջնորդողները պետք է իրականացնեն, այդ հրաժարականից հետո հարց է առաջանալու` ո՞վ է նստելու այդ աթոռին: Ու քանդվելու է ամեն ինչը: Սա է ցույց տվել փորձը: Մեզ համար դա չէ կարևորը, թե ով կնստի այդ աթոռին: Մենք մեկ հարց ունենք` իշխանափոխությունից հետո չեղյալ հայտարարելո՞ւ եք, թե՞ ոչ, երկրորդ՝ դուք գալու եք իշխանության, եւ եթե պիտի շարունակեք այն տրամաբանությամբ, որ երկիրը զարգանալու համար մենք պիտի մեր ազգային շահերը զիջենք , ապա դեմ ենք իշխանափոխությանը: Ազգային իշխանությունը նա է, որ գալիս է իշխանության եւ երկրի զարգացումն է ապահովում, եւ իր շահերը չի զիջում: Թե չէ ամենահեշտ ճանապարհն է Ղարաբաղը տանք լավ ապրենք, մեր իրավունքները զիջենք թուրքերին լավ ապրենք: Ի՞նչ մեծ խելք է պետք դրա համար», ասում է Արմեն Ռուստամյանը:
Նա հայտարարեց, որ աշխատելու են ամեն օր, աշխատելու են ժողովրդի թվաքանակը ավելացնելու ուղղությամբ եւ ինչ քայլ որ թելադրի ժողովուրդը, անելու են: Ընդ որում, Արմեն Ռուստամյանը շեշտել է, որ լինելու են ոչ թե ժողովրդի թիկունքում, այլ առաջին շարքերում:
Ժառանգություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հոկտեմբերի 16-ին ելույթ ունենալով ՀՅԴ հրավիրած հանրահավաքին, հայտարարել է, որ Ժառանգությունն առկա իրավիճակից ելքը տեսնում է Սերժ Սարգսյանի հրաժարականի մեջ:
«Մենք հարգանքով ենք վերաբերում մեր մյուս գործընկերների պատկերացումներն այս խնդրի լուծման, տվյալ պարագայում արձանագրությունների ստորագրման կամ վավերացման կանխման հարցում: Բայց մի բանում մենք բոլորս, կարծում եմ, այլեւս միակարծիք ենք: Համակարգափոխությունն այս երկրին օդ ու ջրի նման անհրաժեշտ է», հայտարարել է Ստեփան Սաֆարյանը: Նրա կարծիքով, համակարգն է, որ ծնել է այդ քաղաքականությունն ու այդ արդյունքին հասցրել:
Armar.am












