Մակեդոնիան և Կոսովոն ստորագրել են վիճելի սահմանների սահմանազատման համաձայնագիր
Կոսովոն և Մակեդոնիան ուրբաթ երեկոյան հայտարարել են երկու երկրների միջև սահմանի ճշգրտման մասին:
Ինչպես տեղեկացնում են տարածաշրջանային ԶԼՄ-ները, պայմանավորվածությունները ճանապարհ են հարթում Սկոպյայի և Պրիշտենի միջև դիվանագիտական կապերի հաստատման համար:
Ստորագրված համաձայնագիրը վերաբերում է սահմանի այն հատվածին, որտեղ 2001 թ-ին տեղի է ունեցել ալբանացիների հուզումները: Այս տարածաշրջանում մինչ օրս տեղակայված են ԱՄՆ-ի խաղաղապահ ուժերը: Կոսովոյի միակողմ անկախության հրապարակումից հետո, Մակեդոնիան ճանաչեց այն, սակայն մինչ օրս սահմանների հարցը մնում էր չլուծված:
Նկատենք, որ ավելի քան 60 երկիր ճանաչել են Կոսովոյի անկախությունը, այդ թվում նաև ԱՄՆ-ն , Եվրոմիության երկրների մեծ մասը, Թուրքիան, Կանադան և Ավստրիան:
Կոսովոյի անկախությունը չճանաչած երկրների շարքում են` Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, և Եվրոմիության մի շարք երկրներ` Հունաստանը, Իսպանիան, Կիպրոսը, Ռումինիան և Սլովակիան:
ArmAr.am












