Վրացիները 7-րդ դարի հայկական կոթողը տեղահան անելով տեղափոխել են Թբիլիսի
Դեռևս այս տարվա հունվարին վրացիները փորձեցին հերքել Սամվել Կարապետյանի այն մտահոգությունները, թե իրենք հավակնություններ ունեն Հայաստանի Հանրապետության հյուսիսում գտնվող հայկական եկեղեցիների հանդեմ: Սակայն հերքեցին ոչ թե իրենց հավակնության փաստը, այլ փորձեցին համոզել, թե դրանք վրացական են:
Այսօր Հայաստանի և Վրաստանի միջև սահմանագծման աշխատանքների արդյունքում մի շարք հայկական հուշարձաններ, աշխատանքի անփութության հետևանքով, հայտնվում են Վրաստանի կազմում:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանից փորձեցինք տեղեկանալ, թե այսօր Հայաստանի Հանրապետության հյուսիսում գտնվող հայկական հուշարձաններն ինչ վիճակում են գտնվում և, արդյո՞ք, դրանց պահպանման համար հետևողական աշխատանք է տարվում:
«Մառնեուլի շրջանի Գյուլիբաղ գյուղը, որը Հայաստանի Հանրապետության սահմանից հեռու է 1.5-2 կիլոմետրով, հայկական գյուղ է և ամբողջությամբ հայաբնակ: Սակայն սահմանագծման աշխատանքների արդյունքում գյուղը մնացել է Վրաստանի, իսկ հայ գյուղացուն սնող հողերը` Հայաստանի Հանրապետության կազմում: Բայց դա դեռ ամբողջը չէ. Խոժոռնիի վանքի շրջակայքում վրաց սահմանապահներ են հայտնվել, որոնք իրենց համար սահման են գծել` ներառելով հայկական բնակավայրերն ու հուշարձանները»:
Լալվար լեռան լանջերի անտառային բարիքն է սնում հայ գյուղացուն, նրանով է հոգում է իր անասնապահական խնդիրները, սակայն սահմանային խնդիրները հայ գյուղացուն այսօր զրկել են գոյատևման տարրական պայմաններից: Պարոն Կարապետյանը համոզված է, որ նման սահմանազատման նպատակն է` հայ գյուղացուն զրկել բնակության տարրական հնարավորություններից, որպեսզի վերջինս ստիպած լինի լքել իր հայրենի գյուղը: «Խոժոռնի գյուղի չորս բնակիչ ձերբակալված է միայն այն պատճառով, որ հատելով «սահմանը» անտառից փայտ է հավաքել: Սակայն այս գործողությունների նպատակը ոչ միայն հային` իր պատմական հայրենիքից վտարելն է, այլև նրա ստեղծած մշակութային կոթողները յուրացնելը: «Այսօր ոչ ոք չի կարող ուսումնասիրել Վրաստանի կազում հայտնված հայկական հուշարձանները, որովհետև կհանդիպի վրաց սահմանապահների դիմադրությանը: Խորակերտի վանքը, Խուճապի վանքը, Խոժոռնիի Սբ. Նշան եկեղեցին… կարելի է անվերջ թվել հայկական այն հուշարձանների ցանկը, որոնք այսօր Վրաստանի կազմում են գտնվում»:
Հայկական եկեղեցիները յուրացնելու վրացիների մոլագարությունը հասել է իր բարձրակետին, դրա ակնհայտ փաստն այն է, որ սրանք 7-րդ դարի Բերդաձորի հայկական հրաշագեղ կոթողը տեղահան անելով, բերել-հասցրել են Թբիլիսի: Դե, եթե վրացի քահանան իր ազգի մեռելների շիրիմները քանդում ու վերաթաղում է հայկական եկեղեցու բակում` միայն այն բանի համար, որ եկեղեցին վրացական հայտարարի, ուրեմն այս ազգից ամեն ինչ կարելի է սպասել…
Արմենուհի Կարեյան












