«Հնչիր, հայկական զուռնա». hամշենահայերի 9-րդ փառատոնը` Ադիգեյում
Ադիգեյում տեղի է ունեցել հայկական մշակույթի 9-րդ փառատոնը` «Հնչիր, հայկական զուռնա» խորագրով, որը նվիրված է եղել հայ լեգենդար զուռնչի Վարդան Զեբելյանին: Ինչպես տեղեկացնում է «Երկրամասը», Կրասնոդարից մինչև Սուխումի, համշենահայերի ավագ սերունդը հիշում է այդ երաժշտին:
Փառատոնը, որն առաջին անգամ է անցկացվել Ադիգեյում, իրենց ներկայությամբ պատվել են Կրասնոդարի պարի և երգի համույթները:
Այս ֆոլկլորային փառատոնի գլխավոր նպատակն է` պահպանել և հարստացնել ազգային ավանդույթները, հայ ժողովրդի կատարողական, երաժշտական արվեստի փորձը, նրանց սովորույթները:
Հիշեցնենք, որ պատմական տեղեկությունների համաձայն` 8-րդ դարում, չդիմանալով արաբական տիրապետության ճնշումներին, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն, Կոտայք և Վասպուրական նահանգի գավառներից շուրջ 12 հազար հայ Շապուհ և Համամ Ամատունի իշխանների և մի քանի նախարարների գլխավորությամբ գաղթում և բնակություն են հաստատում Սև ծովի հարավ-արևելյան մասում` Ֆորթունա գետի հովտում: Որտեղ էլ Համամ Ամատունին, վերականգնելով ավերված Տամբուր քաղաքը, իր անունով կոչում է Համամաշեն, այսինքն` Համամի շեն, որը հետագայում դառնում է Համշենի հայկական իշխանության կենտրոնը:
Armar.am












