Գլխավոր » Լրահոս

Սիրիայի նախագահն ընդունել է Արամ Ա Կաթողիկոսին

Հոկտեմբեր 19, 2009թ. 15:50

SiriaՍիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն այսօր հանդիպում է ունեցել հովվապետական այցով այս օրերին Սիրիայում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին: Այս մասին հայտնում են կաթողիկոսարանի մամլո ծառայությունից:

«Ավելի քան ժամ մը տեւած հանդիպումը ընդգրկեց շարք մը հարցեր: Յանուն Սուրիահայ համայնքին Վեհափառ Հայրապետը իր շնորհակալութիւնը յայտնեց, մեր ժողովուրդի զաւակներուն նկատմամբ Սուրիական պետութեան ու յատկապէս նախագահին ցուցաբերած սիրոյն եւ ուշադրութեան համար: Նախագահ Ասատ, իր կարգին, գնահատանքով արտայայտուեցաւ Սուրիահայութեան դրական ներկայութեան երկրի ընկերային թէ տնտեսական կեանքի բարգաւաճման բերած իրենց նպաստին համար: Իր կարգին, Վեհափառ Հայրապետը յիշեց Սուրիացի արաբ ժողովուրդին ասպնջական ոգին, որով հայկական ցեղասպանութենէն ճողոպրած ու վերապրած մեր ժողովուրդի զաւակները կրցան վերակազմակերպել իրենց եկեղեցական ու ազգային կեանքը Սուրիոյ մէջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբություն Արամ Ա Կաթողիկոսը հայ և արաբ ժողովուրդների մնայուն բարեկամության երաշխիք է համարել սիրիացի ժողովրդի ցուցաբերած հոգածությունը հայերի հանդեպ:

Հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահն ու Վեհափառ Հայրապետը խոսել են Լիբանանի ներկայիս վիճակին ու Միջին Արևելքին առնչվող հարցերի մասին.

«Շեշտուեցաւ քրիստոնեայ-իսլամ երկխօսութիւնը աւելի խորացնելու անհրաժեշտութիւնը: Այս ծիրէն ներս Վեհափառ Հայրապետը տեղեակ պահեց Նախագահը իր կատարած աշխատանքներուն մասին, վերջերս Մեծ Ութնեակի ժողովին նախապատրաստական աշխատանքներուն ընթացքին տուած դասախօսութեան ու նոյն օրը Դամասկոսի համալսարանին մէջ իր տալիք դասախօսութեան անդրադառնալով, որոնք մեծապէս կեդրոնացած են քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան»:

Արամ Ա Կաթողիկոսն ու նախագահ Բաշար ալ Ասադն անդրադարձել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև Արձանագրությունների ստորագրմանը. «Այս գծով Վեհափառ Հայրապետը կարեւորութեամբ յիշեցուց Հայկական Ցեղասպանութեան ճանաչման հարցը»:

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետին ուղեկցել են Բերիոյ Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան Եպիսկոպոս Սարգսյանը, Ազգային Կեդրոնական Վարչության անդամ Տարոն Ավետիսյանը, պետական երեսփոխան Սմբուլ Սմբուլեան, և Դամասկոսի համայնքային գործիչ Մեսրոպ Շիրանյանը:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը թանկարժեք հուշանվերներ է ստացել Սիրիայի առաջնորդից:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն