Թուրքերի 54%-ը դեմ է Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը
Այսօր Մամուլի ազգային ակումբում «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» ղեկավար Գևորգ Պողոսյանը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ անցկացված հարցումների մասին:
Թուրքիայից վերցրած տվալների համաձայն, թուրքերի 54%-ը դեմ է Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը: Հայ հասարակության 40%-ն է դեմ սահմանների բացմանը, իսկ 52,4 %-ը արձանագրությունների ստորագրմանը: Սակայն սոցիոլոգը մտահոգված էր, քանի որ մինչ արձանագրությունների ստրագրումն ու ստեղծումը որևէ մեկը սոցհարցում չանցկացրեց` պարզելու համար մեր համաքաղաքացիների կարծիքը: Իսկ հայ հասարակության դեմ լինելու մասին Գևորգ Պողոսյանի ներկայացրած տվյալները ձևավորվել են սեպտեմբերի 20-21-ը Երևանում 1.000 հոգու շրջանում անցկացված հարցումների արդյունքում:
«Խոսքը ոչ թե սահմանների բացել-չբացելու մասին է, այլ հայ-թուրքական արձանագրությունների հիման վրա հարաբերությունների ստեղծման: Պետք չէ ասել, թե հայերը դեմ են սահմանի բացմանը, քանի որ հայերը սահմանը չեն փակել, հայերը դեմ են վերոնշյալ արձանագրություններին»,- ասաց Գևորգ Պողոսյանը:
Գևորգ Պողոսյանը օրինաչափ համարեց հայերի արձագանքը հայ-թուրքական արձանագրություններին, քանի որ սահմանի փակման ժամանակ որևէ փաստաթուղթ չէր ստորագրվել, հետևաբար բացման ժամանակ էլ դրա անհրաժեշտությունը չկար: Իսկ ինչ վերաբերում է կարծրատիպերի կոտրմանը և անջրպետի հաղթահարմանը, ըստ սոցիոլոգի, շատերի համար դա անհասկանալի է, քանի որ հայերը լավ էլ առևտուր են անում թուրքերի հետ և հանգստանում են Թուրքիայում:
ArmAr.am












